ՀՀ–ն ու Գերմանիան կհամագործակցեն քաղավիացիայի անվտանգության ոլորտում

ՀՀ–ն ու Գերմանիան կհամագործակցեն քաղավիացիայի անվտանգության ոլորտում

18 դեկտեմբերի 2025 – 12:49 AMT

PanARMENIAN.NetՀայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն քաղավիացիայի անվտանգության ոլորտում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը և Գերմանիայի ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոն (BFU) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության շուրջ համագործակցության մասին»։

Համաձայնության նպատակն է բարձրացնել քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակը և կանխարգելել ավիացիոն պատահարները։

Ըստ համաձայնագրի՝ Գերմանիայի դաշնային բյուրոն, անհրաժեշտության պարագայում և իր տեխնիկական հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ավիացիոն պատահարների քննության համար անհրաժեշտ սարքավորումների կիրառման հարցում։

Այդ թվում՝ օգնություն կտրամադրվի օդանավերում առկա թռիչքային տվյալների և ձայնագրությունների վերծանման ու վերլուծության, տեխնիկական լաբորատորիաների օգտագործման, ինչպես նաև թռիչքների պիտանիության, աէրոնավիգացիոն ծառայությունների և աերոդրոմներին վերաբերող ոլորտներում մասնագիտական խորհրդատվության հարցերում։

Նշվում է նաև, որ այս գործակցությունը համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի 75-րդ կետի դրույթներին, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել պետական լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները՝ ապահովելով ավիացիոն պատահարների ու լուրջ միջադեպերի քննության համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Leave a Comment