Թուրքիան ձգտում է Ռուսաստանին վերադարձնել 2017 թվականին ձեռք բերված S-400 զենիթային հրթիռային համակարգերը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ այս քայլը, հնարավոր է, թույլ կտա Անկարային ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ և վերջ դնել «վիճահարույց գործարքին», որը լարվածություն է առաջացրել Թուրքիայի հարաբերություններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամների հետ։
ՌԲԿ-ն, հղում անելով հրատարակությանը նշում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս հարցը բարձրացրել է անցյալ շաբաթ Թուրքմենստանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ S-400-ից հրաժարվելը կարող է բարելավել Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և թուրքական պաշտպանական արդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման համար ճանապարհ հարթել։
Դեկտեմբերի 10-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Անկարայի հետ F-35 ծրագրին վերադառնալու վերաբերյալ և ակնկալում է առաջընթաց առաջիկա ամիսներին։ Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան և Վաշինգտոնը կարող են «շատ շուտով» գտնել պատժամիջոցները վերացնելու միջոց։
