Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հուշանգ Բազվանդը հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի պայմանագիրը կավարտվի հաջորդ ամսվա ընթացքում, հաղորդում է Mehr-ը։
Չորեքշաբթի՝ «Իրանի երկաթուղիների ցուցահանդես 2025» խորագրով տրանսպորտի, լոգիստիկայի և հարակից արդյունաբերության 9-րդ միջազգային ցուցահանդեսի չորրորդ օրը, ելույթ ունենալով՝ Հուշանգ Բազվանդը հայտարարել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծը Աստարա-Չաբահար երկաթուղային միջանցքի բացակայող օղակներից մեկն է։
Բազվանդը, որը նաև Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման ընկերության ղեկավարն է, հայտարարել է, որ երկաթուղու կառուցման և շահագործման գործադիր պայմանագիրը ռուսական կողմը ներկայացրել է նախարարություն։
Աստարա-Ռեշտ երկաթուղին նաև բնապահպանական արտոնագրեր է ստացել, ընդգծել է ավտոճանապարհների փոխնախարարը։ Բազվանդը շարունակել է, որ տրանսպորտային միջանցքների կառուցման արագացումը նախարարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է՝ 7-րդ հնգամյա սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման ծրագրի նպատակների իրականացման շրջանակում։
Նա ասել է, որ հնդկական ապրանքների Եվրոպա արտահանման համար չկա ավելի լավ ճանապարհ, քան Չաբահար-Աստարան, որը էժան է և մոտ՝ հավելելով, որ չինական ապրանքների արտահանման համար չկա նաև ավելի լավ ճանապարհ, քան Սարախս-Քերմանշահ Խոսրավին։
Ռաշտ-Աստարա գիծը համարվում է Իրանի ամենակարևոր տրանսպորտային նախագծերից մեկը։ 162 կիլոմետրանոց այս երկաթուղու ավարտը կարող է վերափոխել Իրանի դիրքը տարածաշրջանային տարանցիկ շուկայում։

