ԱԺ-ն ընդունել է առողջության ապահովագրության ծրագիրը՝ այն կգործի հունվարի 1–ից

ԱԺ-ն ընդունել է առողջության ապահովագրության ծրագիրը՝ այն կգործի հունվարի 1–ից

17 դեկտեմբերի 2025 – 17:41 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենսդրական փաթեթը։ Կողմ է քվեարկել է 64 պատգամավոր, 2-ը՝ դեմ, 5-ը՝ ձեռնպահ։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ համակարգի գործարկումը նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից։

Առաջին փուլով ապահովագրության մեջ կներառվեն հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաներ, 65 տարին լրացած անձինք, 1-3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ընդգրկված քաղաքացիները, զոհված զինծառայողների ընտանիքները, աշխատավարձով 200,001 դրամ և ավելի վարձատրվողները։

Բոլոր քաղաքացիների համար ապահովագրական փաթեթի բովանդակությունը կլինի նույնը, իսկ վճարի չափը՝ տարեկան 129,600 դրամ։

2026 թվականին պետությունը լիարժեք կֆինանսավորի ապահովագրության վճարը մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի անձանց, հաշմանդամություն և ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող քաղաքացիների, սոցիալապես անապահովների և զոհված զինծառայողների ընտանիքների համար։

Ինչ վերաբերում է 200,001–500,000 դրամ աշխատավարձ ստացողներին, ապա նրանց համար պետությունը փոխհատուցելու է ապահովագրավճարի մեծ մասը։ Մասնավորապես՝

  • «Զինապահ» հիմնադրամին ուղղվող 5500 դրամից 4500 դրամը կուղղվի ապահովագրությանը,
  • գումարը կլրացվի սոցիալական կրեդիտի հետվերադարձով,
  • արդյունքում վճարը կկազմի ընդամենը 300 դրամ։

500,001–1 մլն դրամ աշխատավարձ ստացողների դեպքում՝

  • «Զինապահին» ուղղվող 8500 դրամից 7500 դրամը կփոխառարկվի,
  • քաղաքացիները կվճարեն 3300 դրամ, որը հետագայում կկարողանան ստանալ եկամտային հարկի վերադարձի միջոցով՝ ֆիզիկական անձի հայտարարագրման համակարգով։

Սոցիալական փաթեթի շահառուները, որոնց աշխատավարձը գերազանցում է 200,001 դրամը, ևս կընդգրկվեն առաջին փուլում՝ ստանալով նույն փոխհատուցման ձևաչափը։ Նրանք կարող են նաև օգտագործել իրենց սոցփաթեթի ամսական գումարը՝ 6000 դրամ, ապահովագրավճարը լրացնելու նպատակով։ Իսկ աշխատավարձով 200,000 դրամից պակաս ստացող սոցփաթեթի շահառուները շարունակելու են բուժօգնություն ստանալ նույն ծրագրի շրջանակում։

Ապահովագրության փաթեթում ներառված կլինեն հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների և դեղերի հստակ ցանկեր, որոնք հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, ինչպես նաև Առողջապահության նախարարության և Ապահովագրության հիմնադրամի կայքերում։

Ապահովագրությամբ բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակից, եթե շտապ և անհետաձգելի բուժօգնություն չէ:

3 տարում առողջության ապահովագրության փաթեթ ունենալու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները. ուստի ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ բոլոր բուժծառայությունները»:

Leave a Comment