Անկարան ու Բաքուն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Քաղաքականություն

17.12.2025 | 15:14

Ադրբեջանի  պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ, բանակի գեներալ Լևենտ Էրգյունի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Բաքվում է՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ հանդիպմանը։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցությունը  հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա, և ընդգծել է ռազմական համագործակցության հետագա զարգացման համար ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը։ Հատկապես ընդգծվել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության կարևորությունը։

Իր հերթին, բանակի գեներալ  Էրգյունը շնորհակալություն է հայտնել Հասանովին Բաքվում ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ նիստի շրջանակներում հանդիպումները կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և աջակցության վրա։

Հանդիպման ժամանակ մանրամասն մտքեր են փոխանակվել երկու եղբայրական երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment