ՀՀ տարածքով 161 կգ հերոինի տարանցման փորձը կանխվել է

ՀՀ տարածքով 161 կգ հերոինի տարանցման փորձը կանխվել է

17 դեկտեմբերի 2025 – 10:49 AMT

PanARMENIAN.NetԿանխվել է 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման փորձը, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

Օրերս «Ագարակ» սահմանային անցակետում Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննության են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը։ Արդյունքում կասկածներ են առաջացել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի կցորդի առջևի մասում առկա է գաղտնարան։ Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որից հետո Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ համատեղ, օգտագործելով տեխնիկական միջոցներ՝ իրականացվել է բեռնատար մեքենայի և կցորդի զննությունը։

Դրա արդյունքում հայտնաբերվել են նախապես պատրաստված գաղտնարան, որտեղ տեղադրված է եղել ընդհանուր 161 կիլոգրամ քաշով 322 փաթեթ՝ փաթաթված թափանցիկ ինքնակպչուն ժապավենով։ Փաթեթներում եղել է «հերոին» տեսակի թմրամիջոց։

Թմրամիջոցների մաքսանենգության անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.Ա.-ն, ում ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի կապակցությամբ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում Թուրքիայի քաղաքացուն կալանավորել են։ Նախաքննությունն անցել է ՀՀ քննչական կոմիտեի այն ստորաբաժանում, որը զբաղվում է թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քննությամբ։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորում։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված «հերոինը» նախատեսված է եղել բեռնատարով Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու համար։

Ներկայում ՊԵԿ մաքսային ծառայության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն իրականացնում են լայնածավալ քննություն և օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու այդ խոշորաքանակ թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչների ինքնությունը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment