17 դեկտեմբերի 2025 – 10:36 AMT
PanARMENIAN.Net – Զինվորական պարտադիր ծառայության ժամկետը կես տարով կրճատելու օրինագիծն ընդունվել է Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 65 կողմ, 4 դեմ և 20 ձեռնպահ ձայներով։
Օրինագիծը խորհրդարան էր ներկայացվել հրատապ ընթացակարգով և կանդրադառնա միայն այն զորակոչիկներին, որոնք բանակ կզորակոչվեն 2025-ի հունվարից սկսած՝ առանց տարածվելու արդեն ծառայության մեջ գտնվող զինվորների վրա, հայտնում է «Ազատությունը»։
Առաջին ընթերցման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ նման մոտեցման մեջ անարդարություն ինքը չի տեսնում։
«Շատ արդար է, մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, ում զավակները գտնվում են ծառայության մեջ, պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերում է ապագայում ծառայողներին։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ. «Պաշտպան հայրենյաց» ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավարժ զերժանտական համակարգի ներդրում և այլն»,–ասել է նա։
Պաշտպանության նախարարությունն այս նախաձեռնությունը հիմնավորել է այն փաստով, որ պայմանագրային ծառայության համակարգի ընդլայնման արդյունքում դարձել է հնարավոր կրճատել ժամկետայինների ծառայության տևողությունը։ Ըստ նախարարության՝ արդեն ձեռնարկվել են համապատասխան քայլեր այդ ուղղությամբ։ Սակայն ընդդիմադիր դաշտում այս փոփոխությունն անհանգստություններ է առաջացրել։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աննա Գրիգորյանը ծառայության ժամկետի կրճատումը դիտարկել է որպես նախընտրական քայլ։ Նախորդ քննարկման ժամանակ պատգամավորը պնդել է, որ ժամկետի նվազեցմանը զուգահեռ այլ հիմնավոր գործողություններ չեն իրականացվել։ Ըստ նրա՝ եթե կրճատումը պայմանավորված է պայմանագրային ռեսուրսով, ապա անհրաժեշտ է գնահատել, թե ինչ պայմաններում են ծառայում պայմանագրայինները։ Նա նշել է, որ մայրաքաղաքի կենտրոնում աշխատող պարեկն ավելի բարձր վարձատրություն է ստանում, քան պայմանագրային զինծառայողը։