«Ագարակ» սահմանային անցակետում նոյեմբերի 24-ին Իրանից ՀՀ ժամանած բեռնատարի կցորդում հայտնաբերվել է 161 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թմրամիջոցը հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի կցորդի առջևի մասում գտնվող գաղտնարանում։ Ըստ գերատեսչության՝ թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով տեղափոխվեր Վրաստան։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժը՝ 12 տարվա ազատազրկում), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը նախապատրաստելը): Նա կալանավորվել է։
