Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին

Քաղաքականություն

16.12.2025 | 19:29

Վրաստանում Վրաց ուղղափառ եկեղեցու վարդապետ Դորոտա Կուրաշվիլիին ժամանակավորապես արգելվել է ծառայել։ Որոշումը ստորագրել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը, գրում է Current time-ը։

Կուրաշվիլին աջակցում է կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին: Tbilisi Life տելեգրամ  ալիքի տվյալներով՝ նա Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ամենօրյա աղոթքի արարողությունն էր վարում: Հոկտեմբերի վերջին նա ազատվել է Քվեմո Բեթլեմիի Քրիստոս Փրկչի Ծննդյան եկեղեցու վանահոր պաշտոնից և նշանակվել Պատրիարքական Լավրայի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա:

Վրաց ուղղափառ եկեղեցին Կուրաշվիլիի ծառայության  իրավունքը կասեցնելու իր որոշումը բացատրել է «եկեղեցական կանոնական էթիկայի բազմակի խախտումներով» և մեջբերել է 55-րդ առաքելական կանոնը, որը պատիժ է նախատեսում եպիսկոպոսին «վիրավորելու» համար։

Այս կանոնին հղում անելով՝ պատրիարք Կիրիլը մի քանի տարի առաջ կարգալույծ է արել սարկավագ Անդրեյ Կուրաևին, որը հայտնի էր իր հակապատերազմական ելույթներով։ Փետրվարին Կուրաևին արգելվել է մուտք գործել Վրաստան։

Դորոտե Կուրաշվիլին հայտարարել է, որ իր վերաբերյալ որոշումը կայացվել է առանց հանձնաժողովի, սակայն դա իր համար անակնկալ չի եղել։ «Ես շարունակելու եմ խոսել ոչ թե որպես քահանա, այլ որպես քաղաքացի։ Այս որոշումը ինձ չի խանգարի։ Այն միայն կարող է համարձակություն տալ կառավարությանը բանտարկել ինձ»,- նրա խոսքերը մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Դրանից առաջ Վրաց ուղղափառ եկեղեցին վարդապետ Իլյա Տոլորաիային, որը նույնպես աջակցել է ցուցարարներին և պաշտպանել Կուրաշվիլիին, արգելել  էր ծառայել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment