Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է


Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում դատական նիստի ավարտից անմիջապես հետո Ս․Ն․-ն իր մերձավոր ազգականի սպանության համար մեղադրվող Է․Դ․-ից վրեժ լուծելու շարժառիթով վերջինիս սպանելու դիտավորությամբ մոտեցել և իր մոտ նախապես պահած դանակով հարվածել է նրա թիկունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Դահլիճում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության ծառայողները Է․Դ․-ին անմիջապես հեռացրել են դատական նիստի դահլիճից, որից հետո Ս․Ն․-ն, չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի:

Ս․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը)։

Նախաքննության ընթացքում Ս.Ն.-ն հայտնաբերվել է, կալանավորվել:

2025 թվականի նոյեմբերի 25-ին վերջինիս նկատմամբ կիրառվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցները:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

300 դիտում

Leave a Comment