16 դեկտեմբերի 2025 – 17:52 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում շնչառական սուր վարակների տարածման ակտիվությամբ պայմանավորված տարվա 50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է սուր շնչառական վարակների հետ կապված 15,151 դեպք, ինչը 1.2 անգամ գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշը։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը։
«Սեզոնին բնորոշ ակտիվություն է, չնայած նախորդ շաբաթվա համեմատ բարձր է հիվանդացության ցուցանիշը, բայց համահունչ է սեզոնին»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Ախտահարվածների 80 տոկոսը կազմում են 0-18 տարեկան անձինք։ Ամենաբարձր հիվանդացության մակարդակները գրանցվել են Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և մայրաքաղաք Երևանում։
Նույն շաբաթվա ընթացքում արձանագրվել է հոսպիտալացման 1055 դեպք, ինչը 1.1 անգամ ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Ներկայացված տվյալների համաձայն՝ հոսպիտալացվածների 91.7 տոկոսը երեխաներ են՝ մինչև 18 տարեկան։
Աիդա Հովհաննիսյանn ընդգծել է, որ գրիպի պարագայում թոքաբորբի առաջացման ռիսկն առավել բարձր է։ Ըստ նրա՝ առողջության առաջնային պահպանման հաստատություններ 50-րդ շաբաթվա ընթացքում դիմել է 937 մարդ, ինչը 1.3 անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա տվյալները։ Խոցելի խմբում հատկապես 0-18 տարեկաններն են, հիմնականում՝ մինչև 14 տարեկանները։
Նա հավելել է, որ շնչառական վարակները միատեսակ ախտանշաններով են արտահայտվում՝ թուլություն, քթահոսություն, հազ, փռշտոց, բարձր ջերմություն, մինչդեռ գրիպի դեպքում սկսվելու փուլը առավել սուր է՝ կարող է ուղեկցվել հարբուխի նշաններով, բարձր ու երբեմն դժվար կառավարելի ջերմությամբ։
Ինչ վերաբերում է հիվանդության կրկնությանը, ըստ Հովհաննիսյանի, պարտադիր չէ, որ նույն վիրուսը պատճառ հանդիսանա տվյալ պացիենտի մոտ հիվանդության երկարացմանը. տվյալ պացիենտը կարող է որևէ հարուցիչով վարակվելուց հետո լավանալ, ձեռք բերել մեկ այլ վարակ՝ պայմանավորված մեկ այլ հարուցիչով։
Հայաստանում շարունակվում է դիտվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Շրջանառվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։