Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան – Armenia Today

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի վերանայման անհրաժեշտություն է տեսնում, այդ մասին նա նշել է Armenia Today-ի հետ հարցազրույցում։

Կառավարությունը նախատեսում է ծրագրի համար Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկ վերցնել։ Խաչատրյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ արցախցիների խնդիրները հիմնականում չեն լուծվել։

«Արցախցիները, ովքեր բռնի տեղահանության, էթնիկ զտման և ցեղասպանության են ենթարկվել, Հայաստանում բնակվելու իրավունք ունեն և բնակության հարց ունեն։ Օգնությունը, որը կառավարությունը տրամադրում է, բավարար չէր, և նրանց սոցիալ-տնտեսական կարիքները մեծապես չլուծված են»,- նշել է Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս տեսանկյունից ամենակարևորը նաև բնակապահովումն է, ինչպես նաև զբաղվածության խնդիրները։ Միևնույն ժամանակ՝ Խաչատրյանի համար հասկանալի չեն կառավարության հաշվարկները։

«Բնակապահովման խնդիրը շատ կարևոր է, ուղղակի մի հարց կա․ դեռևս ես չեմ լսել, որ արցախցիները գնային բանկ, և բանկում ասեն՝ գիտես, փող չունեմ, չեմ կարող տալ։ Հետևաբար, ես չգիտեմ՝ կառավարության հաշվարկն ինչի վրա է հիմնված, բայց այն, որ այդ մարդիկ պետք է Հայաստանում բնակվեն, մինչև իրացվի Արցախ իրենց հավաքական վերադարձի իրավունքը, բխում է հայության ազգային շահերից»,- հավելել է նա։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այլ խնդիր է, որ կառավարությունը չի բարձրացնում հավաքական վերադարձի, համախմբված բնակության իրավունքները։ «Բայց Հայաստանում ապրող արցախցիներին պետք է ապահովենք բնակարաններով, ինչպես նաև օգնենք լուծել սոցիալական մյուս խնդիրները»,- կարևորել է Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ ծրագիրը պետք է վերանայվի, և այդ տեսանկյունից պատահական չի համարում այն, որ ծրագրին մասնակցության աստիճանը դեռևս բավարար չէ։

«Դրա համար ես կառավարության ներկայացուցչին կոչ արեցի սերտորեն համագործակցել Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, որպեսզի ծրագիրը բարելավեն, ու մասնակցության աստիճանը բարձրանա»,- ընդգծել է նա։

Ծագրին չդիմելու պատճառների թվում Խաչատրյանը շեշտեց աշխատանքի ու բնակարանի միջև առկա երկընտրանքը, ինչը, նրա համոզմամբ, առաջանում է, քանի որ Երևանին մոտ բնակավայրերում ու քաղաքներում, որտեղ զբաղվածության հարցը մի քիչ ավելի բարվոք է, բնակարան կամ տուն ձեռք բերելու համար պետության հատկացրած գումարը քիչ է։

«Մարզերում, որտեղ ավելի մեծ գումար է հատկացվում, օրինակ, Սյունիքի մարզում՝ 5 մլն, աշխատանքի խնդիր կա»,- նկատել է պատգամավորը։

Եզրափակելով Խաչատրյանն ընդգծել է, որ ծրագրի համար պետք է փորձել ճիշտ բալանսավորել խնդիրը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունը մեկնարկել էր 2024-ից։

Կարդացեք նաև՝ 

Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից

Ծրագրից օգտվող արցախցիների քանակը քիչ է ՀՀ քաղաքացիության ցածր դիմելիության պատճառով․ Խաչատրյան

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Leave a Comment