Հասկանում եմ, թե ինչու Դանա Ուայթը տիտղոսային մենամարտ չտվեց Ծառուկյանին․ UFC-ի նախկին չեմպիոն

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Հենրի Սեխուդոն վերլուծել է թեթև քաշային կարգում տիրող իրավիճակը՝ համաձայնելով կազմակերպության ղեկավարության որոշման հետ, ըստ որի՝ Արման Ծառուկյանը շրջանցվեց տիտղոսային մրցավազքում՝ չնայած վերջինիս գրանցած բարձր արդյունքներին։

MMA Arena-ի հետ զրույցում Սեխուդոն ընդունել է, որ Ծառուկյանն արժանի էր տիտղոսային հնարավորությանը, սակայն ընդգծել է, որ մարտիկն ինքն է բաց թողել պահը, երբ անհրաժեշտ էր կազմակերպությանը․

«Կարծում էի՝ Արման Ծառուկյանն արժանի էր դրան։ Բայց ես հասկանում եմ, թե ինչու Ուայթն ու UFC-ն նրան չտվեցին այդ հնարավորությունը․ նա չմենամարտեց այն ժամանակ, երբ դա նրանց պետք էր։ Դու շանս ունեիր»։

Ելնելով իր փորձից՝ Սեխուդոն խորհուրդ է տվել Ծառուկյանին․ «Արմանի փոխարեն ես կձգտեի մենամարտել հնարավորինս հաճախ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Քաթարում կայացած UFC Fight Night-ի գլխավոր մենամարտում Ծառուկյանը հաղթեց Դեն Հուկերին։ Հայ մարտիկը գերիշխում էր առաջին րոպեներից․ առաջին ռաունդում նա հզոր հարվածներ հասցրեց և թեյքդաունի միջոցով վերահսկեց մրցակցին գետնի վրա՝ լուրջ վնասվածք հասցնելով Հուկերի դեմքին։ Երկրորդ ռաունդում Ծառուկյանը կրկին կատարեց թեյքդաուն, անցավ մաունթ դիրք և 3:34 րոպեին ավարտեց մենամարտը խեղդող հնարքով (arm-triangle choke)։ Սա Ծառուկյանի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր (ռեկորդը՝ 23-3), որն ընդհատեց Հուկերի երեք անընդմեջ հաղթանակների շարքը։

Leave a Comment