Տվյալ գործընթացը կարելի է տարբեր տեսանկյուններից դիտարկել, սակայն, ըստ էության, այն ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին՝ ընտրական գործընթացի շրջանակում անհստակ հիմնավորումներով։ Դեկտեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Եվրամիության՝ Հայաստանին ընտրությունների ժամանակ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար նախատեսված 15 մլն եվրոյի աջակցությունը։
Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունները խոսում են հիբրիդային պատերազմի և արտաքին ազդեցության մասին՝ առանց հստակեցնելու դրանց էությունը։ Նա նշեց, որ եթե արտաքին ազդեցություն ասելով նկատի ունեն այն հանգամանքը, որ ընտրական գործընթացը ղեկավարում է իշխանություն, որը, նրա ձևակերպմամբ, ընդունելի է Ադրբեջանի և Թուրքիայի համար, ապա այդ տրամաբանությամբ կարելի է խոսել արտաքին ներգործության մասին։ Այլ բացատրություն, նրա խոսքով, չի տեսնում։
Մամիջանյանը քննադատեց նաև իշխանության գործելաոճը՝ նշելով, որ վարչապետը չի կարող գործել չհաստատված տեղեկությունների հիման վրա, իսկ եթե իսկապես կան արտաքին ազդեցության գործակալներ, ապա իշխանությունն ունի իրավապահ և անվտանգության ամբողջ համակարգը՝ դրանք բացահայտելու համար։
Նրա խոսքով՝ անհասկանալի է նաև եվրոպացի գործընկերների մոտեցումը՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերել մի իշխանության, որը, ըստ նրա, իրականացնում է քաղաքական հետապնդումներ, ոստիկանական բռնաճնշումներ և վերահսկողություն է հաստատել դատական համակարգի նկատմամբ։ Նա նաև ընդգծեց, որ մինչ այժմ հրապարակային հաշվետվություն չկա նախկինում խոստացված հարյուրավոր միլիոնների օգտագործման վերաբերյալ, մինչդեռ այս 15 մլն եվրոն, ըստ նրա, արագ կհատկացվի՝ իշխանության պահպանման նպատակով։
Մամիջանյանը նշեց, որ իրեն անհասկանալի է, թե ինչ նպատակով է օգտագործվելու այդ գումարը, և ընդգծեց, որ դա կարող է օգտագործվել ոչ միայն ֆինանսական ազդեցության, այլև հետագայում ընդդիմադիրների և այլախոհների նկատմամբ ճնշումների արդարացման համար՝ «արտաքին ներգործության» ձևակերպմամբ։
Նա հավելեց, որ եթե խոսքը վերաբերում է ադրբեջանական կամ թուրքական ազդեցությանը, որի առկայությունը, ըստ նրա, երբեմն դրսևորվում է հենց իշխանության գործողություններում, ապա այդ գնահատականի հետ կարող է համաձայնել, սակայն կասկած հայտնեց, որ իշխանությունները ԵՄ-ից միջոցներ են խնդրել հենց այդ ազդեցության դեմ պայքարելու համար։
Մամիջանյանի խոսքով՝ այս գործընթացը ունի երկու հիմնական բաղադրիչ՝ ֆինանսական միջամտություն ընտրական գործընթացներին և, երկրորդ՝ գործադիր իշխանության համար ազատ գործողությունների հնարավորություն՝ ընդդիմության նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար։