
Հաղորդվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հարավային Կովկասում։
Իրանցի պաշտոնյան ասել է, որ Իրանը ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն: Վելայաթին պնդել է, որ «միջանցքը կարող էր հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում՝ լուրջ անվտանգային ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսի և Ռուսաստանի հարավի համար»:
Փոխանցվում է, որ դեսպան Հակոբյանն իր հերթին ասել է, որ Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, նշել, որ Թեհրանի հետ կապերի ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է։
Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում, սակայն, չի նշվել Իրանի մտահոգությունների մասին: Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները: Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:
Հակոբյանն ընդգծել է, որ «ԹՐԻՓ ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները», – ասված է հայկական կողմի հայտարարությունում: