Թրամփի ծրագիրը Կովկասի վերաբերյալ ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը դեմ է դրան․ Վելայաթի

Իրանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կովկասի ծրագրին, քանի որ այն լուրջ սպառնալիք է ներկայացնում իր անվտանգության համար, Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Այսպես կոչված՝ Թրամփի ծրագիրը Կովկասի վերաբերյալ ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»,- ասել է նա։

Վելայաթին բացատրել է, որ միջանցքն ստեղծում է «Իրանից հյուսիս ՆԱՏՕ-ի ներկայության համար պայմաններ» և լուրջ սպառնալիք է ներկայացնում Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային տարածքների անվտանգության համար։ Նա նաև ասել է, որ ծրագիրը «գործնականում նույն նախագիծն է, որի անունը պարզապես փոխվել է և այժմ իրականացվում է ամերիկյան ընկերությունների մուտքի տեսքով Հայաստան»։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն ռազմական ճանապարհով մտնում է տարածաշրջան՝ տնտեսական գործունեություն իրականացնելու քողի տակ։

«Փորձը ցույց է տվել, որ ամերիկացիները սկզբում մտնում են զգայուն տարածաշրջաններ՝ թվացյալ տնտեսական նախագծերով, բայց աստիճանաբար նրանց ներկայությունն ընդլայնվում է մինչև ռազմական և անվտանգության ոլորտներ»,- ասել է խորհրդականը՝ հավելելով, որ «ցանկացած ձևով ԱՄՆ ներկայությունն Իրանի սահմաններին ունի հստակ անվտանգային հետևանքներ»։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Leave a Comment