Բեռլինում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության առաջարկները կպարունակեն փոխզիջումներ։ Մասնավորապես՝ Կիևը պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի, Եվրոպայի և մյուս գործընկերների իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքները՝ ՆԱՏՕ-ին անդամակցության փոխարեն:
Նրա խոսքով՝ Կիևը սկզբում մտադիր էր միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ գործընկերներ չեն աջակցել այդ մտադրությանը։
«Այսօր ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին նման երաշխիքները, որոնք պատրաստ են տրամադրել ԱՄՆ-ը, եվրոպացի գործընկերները, ինչպես նաև մյուս երկրները՝ Կանադան, Ճապոնիան, հնարավորություն են՝ կանխելու ռուսական նոր ներխուժումը: Եվ սա արդեն մեր կողմից փոխզիջում է»,- ասել է Զելենսկին և ընդգծել, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն իրավաբանորեն պարտավորեցնող։
Reuters-ը հաղորդել է, որ դեկտեմբերի 14-ին Վոլոդիմիր Զելենսկին «արդար տարբերակ» է անվանել ներկայիս առաջնագծի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանը նախկինում բազմիցս պահանջել է, որ Կիևն ուկրաինական զորքերը դուրս բերի նույնիսկ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի այն շրջաններից, որոնք ռուսական ուժերը չեն կարողացել գրավել՝ նշել է լրատվականը։
Կիևը հրաժարվել է զորքերը դուրս բերել Դոնբասի չգրավված մասից և այն հանձնել Ռուսաստանին՝ ինչպես պահանջել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
114 դիտում