Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ ցանկություն հայտնելով մասնակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին։ Նամակը հրապարակել է Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Քաղաքապետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 21-ից գտնվում է անազատության մեջ և զրկված է կրոնական արարողություններին մասնակցելու իր օրինական և հիմնարար իրավունքից, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով։
«Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից»,- նշել է Ղուկասյանը։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։ Ակցիայի գործով քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի նկատմամբ։
Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։
Ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին նաև փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի գրասենյակի համակարգող Ռուբեն Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նոյեմբերի 18-ին դատարանը վերացրել էր Մխիթարյանի կալանքը։
