Առողջապահական ոլորտը կրկին հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում․ քաղաքացիները բարձրաձայնում են բժշկական ծառայությունների արժեքի, ծանրաբեռնված բուժհաստատությունների և երկար հերթերի մասին։ Վիրահատություններից մինչև ամենապարզ լաբորատոր ստուգումներ. սրանք կարող են զգալի ֆինանսական բեռ դառնալ ընտանիքների համար։
Իրավիճակը հատկապես սրվում է այն մարդկանց համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ կամ պարբերաբար բուժզննումների կարիք, իսկ պետական աջակցությունը հաճախ չի ծածկում իրական ծախսերը։
Այս պայմաններում ավելի արդիական է դառնում հարցը՝ արդյո՞ք Հայաստանում բժշկական ծառայությունների արժեքը հասանելի է քաղաքացիներին, մարդիկ կո՞ղմ են պարբերաբար ստուգումներին, երբ դրանք ոչ միայն առողջության պահպանման կարևոր միջոց են, այլև լրացուցիչ ծախս։ Armenia Today-ը հարցմամբ փորձել է պարզել՝ ի՞նչ են մտածում անցորդներն այս ամենի մասին։
Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ այդ ծառայություններն իրենց հասանելի չեն՝ թանկ են:
«Ընդհանուր մի քիչ թանկ է մեր եկամուտների համար», – ասել է քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ եթե հնարավորություն ունենա, պարբերական ստուգումներ էլ կանցնի:
«Այսօրվա դրությամբ հիվանդանոցների ծախսերը այնքան շատ են, մարդիկ վախենում են գնալ հիվանդանոց», – նշել է հարցման մեկ այլ մասնակից:
Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ անկախ գներից անհրաժեշտության դեպքում պետք է դիմել բժշկական հաստատություններ:
«Առանց դրանց չի լինում: Այդքան էլ թանկ չէ որոշ մարդկանց, առողջության համար կարելի է: Ոչ ոք ռեգուլյար չի ստուգվում, սպասում են՝ հասնի ոսկորներին, նոր», – նշել է նա:
Այն քաղաքացիները, որոնք ունեն առողջապահական ապահովագրություն, օգտվում են սոցփաթեթից, ասել են, որ պարբերաբար ստուգումների են ենթարկվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
