Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը

Քաղաքականություն

15.12.2025 | 11:13

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն առաջարկել է խստացնել զենքի մասին օրենքները՝ Սիդնեյի Բոնդի լողափում հրեական համայնքի անդամների վրա հարձակումից հետո: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով AFP-ին և Reuters-ին։

Ալբանեզեն ասել է, որ դեկտեմբերի 15-ին բարեփոխումների առաջարկ կներկայացնի Ազգային կաբինետին՝ նահանգների վարչապետների հետ քննարկման համար։ Սա, ի թիվս այլ բաների, կներառի անհատների կողմից զենքի քանակի սահմանափակումը, ինչպես նաև լիցենզիաների պարբերական վերահաստատումը։ «Մարդիկ կարող են ժամանակի ընթացքում արմատականանալ։ Լիցենզիաները պետք է անժամկետ չլինեն», – ասել է նա։

Դեկտեմբերի 14-ին Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է հրեական Խանուկայի տոնի մեկնարկին նվիրված միջոցառման առնվազն 16 մասնակից։ Եվս 38 վիրավորներ բուժօգնություն են ստացել հիվանդանոցներում, հաղորդում է AP-ն։

Կրակոցները «դիտավորյալ ուղղված են եղել Սիդնեյի հրեական համայնքին Խանուկայի առաջին օրը», – ասել էր նահանգի վարչապետ Քրիս Մինսը՝ հարձակումն անվանելով ահաբեկչական ակտ։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կասկածյաներից մեկը սպանվել է, իսկ մյուսը ծանր վիրավորվել և ձերբակալվել։ Նրան վնասազերծել է անցորդներից մեկը, որը վերցրել է նրա զենքը։

Հարձակումն իրականացնողները հայր և որդի են․ նրանք կրակ են բացել լողափում գտնվող մարդկանց վրա: Ոստիկանությունը հաստատել է, որ 50-ամյա հայրը վեց հրազեն կրելու թույլտվություն է  ունեցել։ 24-ամյա որդին ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։

Հրեական Խանուկան այս տարի նշվում է դեկտեմբերի 14-ից 22-ը: Սիդնեյի Բոնդի լողափը Ավստրալիայի ամենահայտնի լողափերից մեկն է, որը գրավում է մեծ թվով սերֆերների, լողորդների և զբոսաշրջիկների:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment