Արագածոտնի թեմը դատապարտել է Մկրտիչ սրբազանի կալանքի երկարաձգումը

Արագածոտնի թեմը  դատապարտել է Մկրտիչ սրբազանի կալանքի  երկարաձգումը

15 դեկտեմբերի 2025 – 10:43 AMT

PanARMENIAN.Net – ՀԱԵ Արագածոտնի թեմը դատապարտել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը, որով Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

«Ովքեր անիրավին համարում են արդար ու արդարին՝ անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև». Առակաց 17:15

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:

Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը:

Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն:

Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։

Leave a Comment