Ալկոհոլային կախվածություն. ԱՆ-ը ներկայացնում է փուլերը և բուժման մոտեցումները

Ալկոհոլային կախվածությունը քրոնիկական, պրոգրեսիվող հիվանդություն է, որն առաջանում է ալկոհոլի երկարատև օգտագործման արդյունքում` ձևավորելով հոգեկան ու ֆիզիկական կախվածություն. այն զարգանում է աստիճանաբար` ըստ փուլերի։ Այս մասին հոդված է հրապարակել առողջապահության նախարարությունը:

Առաջին փուլ

Բնորոշվում է ոչ հաճախակի կրկնվող դրվագային հարբեցողությունից` անցումով պարբերական հարբեցողության: Թուլանում է ալկոհոլի օգտագործման քանակական և իրավիճակային վերահսկողությունը։ Բարձրանում է օրգանիզմի տանելիությունը, և նույն ազդեցության հասնելու համար պահանջվում է ավելի մեծ քանակի ալկոհոլ։

Երկրորդ փուլ

Այս փուլում տանելիությունը հասնում է գագաթնակետին։ Ալկոհոլի ընդունումը անհրաժեշտ պայման է դառնում օրգանիզմի «նորմալ» կենսագործունեությունն ապահովելու համար։ Փուլի հիմնական նշանը զրկանքի համախտանիշի ձևավորումն է, որը դիտվում է ալկոհոլի սովորական դարձած չափաքանակների ընդունման կտրուկ դադարեցման դեպքում: Արդյունքում դրսևորվում են հոգեկան, սոմատովեգետատիվ և նյարդաբանական ախտանիշներ, դիտվում են անձի վարքի փոփոխություններ`

  • հիգիենայի կանոնների անտեսում,
  • աշխատանքի կորուստ,
  • ֆինանսների վատնում հիմնականում ալկոհոլի ձեռքբերման նպատակով։

Երրորդ փուլ


Օրգանիզմի տանելիությունը նվազում է, և նույնիսկ փոքր քանակի ալկոհոլն առաջացնում է արտահայտված հարբածություն։ Այդ պատճառով ընդունումը դառնում է կոտորակային՝ քիչ, բայց հաճախակի։

Զրկանքի համախտանիշը հասնում է առավելագույնի, որի ժամանակ մեծանում է ցնցումային համախտանիշի առաջացման ռիսկը, կարող է առաջանալ նաև ալկոհոլային էնցեֆալոպաթիա և պոլինեյրոպաթիա։

Այս փուլում հիվանդները հաճախ դառնում են անաշխատունակ, և տուժում են հոգեկան գործունեության գրեթե բոլոր ոլորտները։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում Հայաստանի քաղաքացիների համար բուժօգնությունը կազմակերպվում է կամավոր հիմունքներով, պետական պատվերի շրջանակում, պացիենտի դիմումի հիման վրա` ապահովելով անձնական տվյալների գաղտնիությունը:

Կենտրոնում տրամադրվում է համալիր բուժում, որը ներառում է.

  • նարկոլոգիական, նյարդաբանական և սրտաբանական խորհրդատվություն,
  • լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ԷՍԳ, ՈՒՁՀ),
  • սոցիալական և հոգեբանական աջակցություն։

Լրացուցիչ տեղեկությունների և նարկոլոգի խորհրդատվության համար կարող եք այցելել Կախվածությունների բուժման ազգային կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով:

Leave a Comment