Նախագիծ․ Ոստիկանությունը կստուգի նաև վարորդի թմրանյութ օգտագործած լինելը

Նախագիծ․ Ոստիկանությունը կստուգի նաև վարորդի թմրանյութ օգտագործած լինելը

13 դեկտեմբերի 2025 – 12:37 AMT

PanARMENIAN.Net – Ոստիկանությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություն կատարել, որի արդյունքում հնարավոր կլինի ստուգել նաև վարորդի թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման, հայտնում է Արմենպրեսը։

Հանրային քննարկման ներկայացված փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։

Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում)։

Թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։

Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը։

Leave a Comment