Ռուբեն Վարդանյանի փաստաբանը միջնորդել է՝ «վկաների և տուժածների» ցուցմունքները չներառել գործում

Բաքվում ընթացող «դատավարության» նիստի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբանը մի շարք միջնորդություններ են ներկայացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ դրանց՝ Վարդանյանի համար նշանակված փաստաբան Էմիլ Բաբիշևը երկու միջնորդություն է ներկայացրել, որոնց աջակցել է նախկին պետնախարարը։ Դրանցից մեկում պահանջվել է անվավեր ճանաչել քննության և «դատավարության» նիստերի ընթացքում հարցաքննված բոլոր «վկաների», այդ թվում՝ Կամո Հայրապետյանի և Մուշեղ Գրիգորյանի ցուցմունքները։ Փաստաբանը նշել է, որ այս ցուցմունքները կապ չունեն Վարդանյանի հետ։

Երկրորդ միջնորդագրում նշվել է, որ «դատավարության» ընթացքում քննված «տուժողների ցուցմունքներից» մի քանիսը վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացի էր և զբաղվում էր գործարարությամբ։ Այս առումով պաշտպանության կողմը խնդրել է չօգտագործել «տուժողների և նրանց իրավահաջորդների ցուցմունքները» որպես ապացույց՝ Վարդանյանի հետ կապ չունենալու պատճառով։ Դատավորը մերժել է երկու միջնորդությունները։

Վարդանյանը նաև միջնորդել է գործի նյութերին կցել մի քանի փաստաթղթեր, ծանոթանալ քրեական գործի 1-15-րդ հատորներին, ինչպես նաև գործում առկա աուդիո և վիդեո նյութերին, և դատարան կանչել այդ հատորներում նշված վկաներին։ Դատարանը համաձայնել է փաստաթղթի կցմանը գործի նյութերին և նաև բավարարել գործի նյութերը վերանայելու խնդրանքը։ Վկաներ կանչելու միջնորդությունը որոշել են քննարկել ավելի ուշ։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։

Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:

Leave a Comment