ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հիմք ընդունելով բանակում «5-րդ շարասյան» և «ազդեցության գործակալների» առկայության մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները, գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Պատգամավորը, մասնավորապես, փորձել էր պարզել՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունում կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում եղել են քննարկումներ, խորհրդակցություններ «5-րդ շարասյան» և «ազդեցության գործակալների» գոյությունը վերացնելու համար, և կոնկրետ ի՞նչ ծրագրեր և գործողություններ են այդ նպատակով իրականացվել, ի՞նչ գործողությունների արդյունքում է 2022 թվականից հետո «մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը» փոխվել և դարձել «ինքնիշխան կամքի կենտրոն»:
Գեղամ Մանուկյանը փորձել է նաև ճշտել՝ առհասարակ կա՞ պաշտոնական հստակ ձևակերպում և բանաձևում՝ ինչ ասել է «5-րդ շարասյուն» և «ազդեցության գործակալ», քանի՞ հոգի է ավագ և բարձրագույն սպայակազմից ազատվել իբր «5-րդ շարասյունից» կամ «ազդեցության գործակալ»:
Ընդդիմադիր պատգամավորների այս հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից նշել են, որ դրանք «չեն առնչվում ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթներին»:
Ավելի վաղ Մանուկյանի նույնաբովանդակ հարցմանը պաշտպանական գերատեսչությունից պատասխանել էին, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանից և պարզաբանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ և մեկնաբանություններ չունի»։
Նշենք, որ նույն հարցին տարբեր ժամանակներում տարբեր պատասխաններ ստանալու փորձ Պաշտպանության նախարարությունից նաև 168.am-ն ունի: Մեր դեպքում թեման առնչվում էր Սյունիքից զորքի հետքաշմանը՝ արդյո՞ք ՊՆ-ում և ԳՇ-ում կա գրավոր արձանագրություն, հրաման:
Ինչ վերաբերում է բանակում «5-րդ շարասյան» լինել-չլինելուն, ապա հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն, իսկ արդեն նույն տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ արդեն բանակում ազատվել ենք «հինգերորդ շարասյունից»: Այսինքն, իրենց քաղաքական թիմակից պաշտպանության նախարարի օրոք:
Իր հերթին՝ 2023 թվականի մարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում «5-րդ շարասյան» առկայության մասին հարցին ի պատասխան՝ Պաշտպանության և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր.
«Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, դա նրանից է, որ պահանջը, կամ, գուցե, պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության: Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ Զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե «մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում»։
Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, մի բան էլ ասում եք՝ «մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք»։ Ո՛չ, պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի»:
Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում Պապիկյանը շարունակել էր, թե չի կարող խոսել «5-րդ շարասյան» առաջնորդների մասին:
«Ես չեմ կարող առաջնորդների մասին խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիան, սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում՝ տեղեկություններ, որոնք երբեմն հօգուտ թշնամու են… Խոսքը վերաբերում է նրան, որ, օրինակ, երեկ հայտարարություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում, չգիտեմ՝ որտեղ, տարբեր տեղեր է, ո՞րն է սրա նպատակը, ես ուզում եմ հասկանալ, եթե դա չի ուղղորդվում այլ երկրից, ընդ որում, կապ չունի՝ որ երկրից։
«5-րդ շարասյունը» կամ դրան աջակցողներն ի՞նչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թե՞ ընդդիմադիր չեն, սովորական քաղաքացինե՞ր են, գուցե լրագրողնե՞ր են»,- շեշտել էր պաշտպանության նախարարը:
Նախ՝ տպավորություն է, որ Սուրեն Պապիկյանը տեղյակ չէր, որ իր քաղաքական առաջնորդը պատերազմից առաջ, ընթացքում և հետո գաղտնիք պարունակող տեղեկություններ է պարբերաբար հայտնել, ինչից զերծ չեն մնացել իր քաղաքական թիմի այլ անդամներ, և հիմա այս առումով իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլ նոր դրսևորումներ է ստացել:
Իհարկե, 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցը հույժ գաղտնիության աստիճանի տակ ամուր պահում են, և սա՝ անգամ հարցաքննությանը մասնակից ՀՀ ռազմական նախկին ղեկավարներից: Սա առանձին քննարկման թեմա է:
Իսկ Սուրեն Պապիկյանի 2023 թվականի պատասխանից կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ առնվազն ինքն իր համար որոշել էր՝ ում կարելի է անցկացնել «5-րդ շարասյան» ներկայացուցչի անվան տակ, այսօր, սակայն, նա այլ դիրք է բռնել և հարցի պատասխանը որոշել է դուրս հանել ՊՆ սահմաններից:
Ի՞նչ է սա՝ զգուշավորությո՞ւն, պարզապես չեզոքությո՞ւն, թե՞ մեկ այլ բան, ի վերջո, Պապիկյանը «5-րդ շարասյուն» էր համարել նաև պետականությունը թուլացնողին:
Գուցե հնչեցված մեղադրանքները չափազանցվա՞ծ են եղել, այսինքն, նման որակում ավագ և բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հասցեին նետվել է, որովհետև ձեռնտու չե՞ն եղել գործող իշխանություններին, կամ էլ ընդամենը ռուսական կողմի օգտին կողմնորոշում են ունեցել:
Այս համատեքստում հավելենք, որ մոտ 2 տարի առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Մեզ մոտ կասկածներ կան, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում խաղաղություն, հատկապես՝ բանակում, ըստ երևույթին, նրանք նախկին իշխանությունների դրածոներն են»: