Էրդողանը և Պուտինը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

Քաղաքականություն

12.12.2025 | 20:22

Թուրքմենստանում «Միջազգային խաղաղության և անվտանգության ֆորումի» շրջանակներում Թուրքմենստանում գտնվող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության կարգավորման համապարփակ խաղաղության ջանքերը, և վերահաստատվել է Թուրքիայի աջակցությունը խաղաղության ջանքերին։ Ավելին, մանրամասն քննարկվել են բոլոր հարցերը, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից ռուսական միջոցների սառեցումը։

Էրդողանը նշել է, որ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը արդար և երկարատև խաղաղությամբ ավարտելու ջանքերը արժեքավոր են։ Նա  նաև նշել է, որ ուշադիր հետևում են պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցային գործընթացին, և որ Թուրքիան կարող է հյուրընկալել բանակցություններ բոլոր ձևաչափերով այս շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Պաղեստինում և Սիրիայում վերջին զարգացումները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Պուտինի և Էրդողանի բանակցությունները տևել են մոտ 40 րոպե։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Թուրքմենստանում կայացած բանակցությունների ժամանակ մանրամասն քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը։

«Կայացել է ուկրաինական հարցերի վերաբերյալ մտքերի մանրամասն փոխանակում», – բանակցություններից հետո լրագրողներին ասել էր Պեսկովը։

Նա նշել էր, որ պետությունների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Պեսկովը հայտարարել էր, որ  նրանք նաև մտքեր են փոխանակել ռուսական ակտիվներով «մեծածավալ խարդախություն» կատարելու եվրոպական մտադրությունների վերաբերյալ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a Comment