14 հոգեկան խանգարումներ ընդհանուր արմատներ ունեն. Nature


Նոր խոշոր հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեկան շատ խանգարումներ, որոնք ավանդաբար համարվում են տարբեր հիվանդություններ, իրականում ընդհանուր գենետիկական արմատներ ունեն։

Ավելի քան 1 056 000 մարդու գենոմային մակարդակի տվյալները վերլուծած գիտնականների միջազգային խմբի աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում եւ առաջարկում է հոգեկան հիվանդությունների նոր կենսաբանական պատկեր, որը դուրս է գալիս ներկա ախտորոշումների շրջանակից։

Գիտնականները վերլուծել են 14 հոգեկան վիճակների հետ կապված գենետիկական տարբերակներ, ներառյալ դեպրեսիան, տագնապային խանգարումները, շիզոֆրենիան, երկբեւեռ խանգարումը, հետտրավմատիկական սթրեսային խանգարումը, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, սննդային վարքի խանգարումները, հոգեակտիվ նյութերից կախվածությունը, ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշը, աուտիզմը եւ Տուրետի համախտանիշը։

Արդյունքում՝ նրանք պարզել են ավելի քան 400 գենետիկական լոկուսներ, որոնք ազդեցություն են գործում այդ հիվանդություններից անմիջապես  մի քանիսի վրա։


Հետազոտությունը պարզել է հինգ հիմնական գենետիկական «գործոններ», որոնք միավորում են տարբեր խանգարումները ըստ ընդհանուր գենետիկական ռիսկերի։ Դրանք են. կոմպուլսիվ խանգարումների խումբը, որը միավորում է շիզոֆրենիան եւ երբեւեռ  խանգարումը, նեյրոզարգացման խանգարումները (օրինակ, աուտիզմը եւ ուշադրության պակասի ու գերակտիվության համախտանիշը), ներքին խանգարումների խումբը (դեպրեսիա, տագնապ եւ հետտրավմատիկական սթրեսային խանգարում) եւ այն խումբը, որը կապված է հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ։ Այս գործոնները բացատրում են գենետիկական ընդհանուր ռիսկի մոտ երկու երրորդը բոլոր 14 վիճակների համար։


Գիտնականները նաեւ հայտնաբերել են գենոմի որոշակի հատվածներ, որտեղ բազմաթիվ գենետիկական տարբերակներ միաժամանակ բարձրացնում են հոգեկան տարբեր վիճակների առաջացման վտանգը։ Նման «գենետիկական թեժ կետերից» մեկը գտնվում է 11 քրոմոսոմում եւ կապված է ուսումնասիրված 14 խանգարումներից ութի հետ։


Ինտեգրելով այս գենետիկական տվյալները ուղեղում գեների ակտիվության ուսումնասիրմանը՝ հետազոտողները պարզել են, որ առավել ընդհանուր գենետիկական ազդանշանները կապված են հիմնային կենսաբանական պրոցեսների հետ, որոնք ակտիվ են գլխուղեղի վաղ զարգացման ժամանակ։ Այս արդյունքները միասին հաստատում են, որ հոգեկան խանգարումները հաճախ միմյանցից լիովին անկախ չեն, այլ զարգանում են ընդհանուր կենսաբանական մեխանիզմների հիման վրա, որոնք դրսեւորվում են տարբեր համադրություններում եւ տարբեր արտահայտվածություն ունեն։


Այս բազմաչափ գենետիկական պատկերը քայլ է հոգեկան խանգարումների դասական դասակարգման վերանայման համար եւ կարող է օգնել ապագայում ստեղծել ախտորոշման եւ թերապիայի նոր կենսաբանական հիմնավորված մեթոդներ, որոնք կաշխատեն ոչ թե մեկ հիվանդության, այլ ռիսկի ընդհանուր գենետիկական ուղու դեմ։


Leave a Comment