ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր


Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուասեկի հետ:


Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ պատվիրակության անդամներ:


Ողջունելով նախարար Ժաննա Անդրեասյանին` Մարչին Կուասեկը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը և ընդգծել հայ համայնքի դերակատարությունը Լեհաստանի հասարակական կյանքում: Նա ընդգծել է նաև Հայաստանի հետ ԲՏՃՄ ուղղություններով իրականացվող 9 գիտահետազոտական ծրագրերը` նշելով համագործակցության խորացման ներուժը:


Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահություն հայտնել, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի՝ նպաստելով նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։


Ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ուժի մեջ է մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որով նախատեսում է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնում՝ նաև Հայաստանում միջազգային հեղինակավոր բուհերի գործունեության ծավալմանն աջակցելու տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներդրվում են օտարերկրյա ուսանողների ներգրավման, օտարալեզու կրթության կազմակերպման ինստիտուցիոնալ հնարավորություններ: Նախարարը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ կարևորելով Լեհաստանի փորձից օգտվելու հնարավորությունը ուսանողական կյանքի կազմակերպման գործում:


Կողմերն ընդգծել են նաև բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների փոխանակման, կրթաթոշակների տրամադրման և դիպլոմների փոխճանաչման կարևորությունը:


ԿԳՄՍ նախարարը նշել է՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններն ընդգրկված ԵՄ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերում և համագործակցում են նաև Լեհաստանի բուհերի հետ:


Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուասեկը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` շեշտելով մասնավորապես տեխնոլոգիական կրթության և արհեստական բանականության ուսուցման ուղղությունը:


Կողմերը կարևորել են երկու երկրների համալսարանների միջև համագործակցությունը և արձանագրել արդեն իսկ գրանցված դրական արդյունքները: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Երևանի պետական համալսարանի և Վարշավայի համալսարանի միջև համագործակցության ձևավորումն ու փոխըմբռնման հուշագրի կնքումը: Անդրադարձ է եղել լեհերենի ուսուցման զարգացմանն առնչվող հարցերին:


Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել լեհական կողմին՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում հայագիտական ​​կենտրոնների 2-րդ համաժողովը հյուրընկալելու հարցում ցուցաբերած աջակցության համար: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովները հիանալի հարթակ են հայագիտական ​​կենտրոններում աշխատող մասնագետների և հայոց լեզվով հետաքրքրված անձանց համար՝ միասին քննարկելու հայագիտական ​​ուսումնասիրությունների զարգացման ինստիտուցիոնալ ռազմավարությունները, ազգային ու միջազգային շրջանակները։


Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի միջև Մխիթար Գոշի անվան կենտրոնի ստեղծման վերաբերյալ հուշագրի կնքումը, որի շրջանակում իրականացվելու են հայագիտական գիտահետազոտական ծրագրեր: Նշվել է՝ արդեն իսկ 40 ուսանող դիմել է Մխիթար Գոշի անվան գիտական կենտրոնի ասպիրանտուրա՝ «Արմենիստիկա» ծրագրին միանալու համար։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս հետաքրքրությունն ընդգծում է կենտրոնի առաքելության կարևորությունը հայոց լեզվի, գրականության և մշակույթի ակադեմիական ուսումնասիրության խթանման գործում։


Կարևորվել է նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Լեհաստանի հետազոտությունների և մշակումների ազգային կենտրոնի համագործակցությունը INNOGLOBO ծրագրի շրջանակում:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Դիտումների քանակ1

Leave a Comment