ԶԼՄ-ն հայտնել է եպիսկոպոսաց ժողովի հետաձգման պատճառը – Armenia Today

Դեկտեմբերի 10-12-ը նախատեսվող եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի ճնշումների պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ կաթողիկոսին փոխանցել են, որ եթե ժողովը կայանա և 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն իրենց համար անցանկալի զարգացումներ, հոգևորականների անուններ են նշել, որոնց կձերբակալեն։

ԱԱԾ-ն սպառնացել է նաև, որ կփակի դրսից եկող հոգևորականների մուտքը կամ կարգելի վերադառնալ իրենց թեմեր, հավելել է թերթը։ Լրատվականի տեղեկությամբ՝ այս մասին 10 պիսկոպոսները տեղյակ են։

Եպիսկոպոսները դեկտեմբերի 10-ին հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ժողովը հետաձգվել է «չհիմնավորված պատճառաբանությամբ», բացի այդ՝ շեշտել, որ հավաքը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներին իրենց տեսակետն արտահայտելու և փաստարկելու, սակայն բարձրացված լրջագույն հարցերը մնացել են անպատասխան։

Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին։ Ժողովին նախորդել էին կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործընթացները, եկեղեցուն առնչվող հայտարարությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։

Leave a Comment