Սրբուհի Գալյանը կարտագաղթի՞, կդառնա պոլիցա՞յ, թե՞ գրպանում հաց կպահի

Սով է, երբ ուտելու բան չկա և հույս էլ չկա, որ կճարվի։ Սովի ենթարկված մարդկանց ասում են սոված։ Սովածն այն մարդն է, որը վախենում է, թե չի կարող ուտելու բան ունենալ։ Սովածը ողորմելի է։ Սոված մնալն ազդում է վարքի, մտածողության վրա, թուլացնում, դարձնում վախեցած գազան։ Սովածը գութ է շարժում, նրան մի կտոր հաց տալու, մի կտոր արդար հացի տեր դարձնելու մարդկային մղում առաջացնում։ Նորմալ երկրում սովածին չեն ծաղրում, չեն ստորադասում, այլ մարդասիրական խիզախություն են ցուցաբերում ու սովածին վերաբերվում են եղաբայրաբար։

Ամենահայտնի սովը եղել է Հոլոդոմորի ժամանակ։ Ցորենով հարուստ Ուկրաինայում արհեստական կազմակերպված սովից մահացել են 7,5 մլն ուկրաինացի։ Հայ ժողովուրդը ևս շատ է տեսել սով։ 1945-1947-ին սովետում սով էր։ 1990-ականներին՝ անկախության առաջին տարիներին հացը կտրոնով էր, խանութների ցուցափեղկերը դատարկ։ 2023-ին չբարեկամները զավթել էին Արցախը, շրջափակել, կտրել աշխարհից 9 ամսից ավելի։ Խանութները դատարկ էին, ուտելու բան չկար։ Սննդով բարձված տասնյակ բեռնատարները մնացին սահմանին կանգնած, ռուս խաղաղապահն ու արբեջանցին թույլ չտվեցին, որ արցախցիներին հաց հասցնեն։

Բերված օրինակները վկայում են, որ սովի պատճառներն օբյեկտիվ են՝ պատերազմ, շրջափակում և այլն։ Հետևապես՝ ոչ ոք ապահովագրված չէ սովից։ Բայց պարզվում է, ՀՀ-ում կան բարձր պաշտոնյաներ, որոնք այլ պատկերացում ունեն սովածի մասին։

«Ես իմ մասին եմ խոսում, երբեք սոված չեմ եղել, չեմ և չեմ էլ լինելու, որովհետև լավ եմ սովորել և լավ աշխատանք ունեմ, վաղն էլ եմ լավ աշխատանք ունենալու…»,-դեկտեմբերի 10-ին հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համաժողովից հետո լրագրողների հետո ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն, արձագանքելով լրագրողի հարցին, թե ՔՊ-ականների մասին են ասում, թե սոված եկան իշխանության, հիմա տներ են առնում։

Խիստ մտահոգիչ է քաղաքականություն որոշողի այս վստահությունը, թե երբեք սոված չի լինելու։ Արցախում 2023-ին շրջափակման մեջ հայտնվել էին նաև պաշտոնյաներ, միլիոնատերեր, որոնք Սրբուհի Գալյանից ոչ պակաս կրթություն ունեին։ Բայց նրանք էլ ուտելու բան չունեին, մի կտոր հացը կիսում էին շրջափակման ու սովի մատնված հայրենակցի հետ։ Երևանցին չէր կարողանում հանգիստ խղճով հաց ուտել, քանի որ արցախցին այդ օրերին սոված էր։

Թող երբեք պատերազմ ու շրջափակում չլինի, ու Սրբուհի Գալյանը երբեք շրջափակման մեջ չհայտնվի ու սով չտեսնի։ Բայց ՀՀ նախկին ու ներկա իշխանությունների սխալները, ագրեսիվ հարևանները 100 տոկոս լավատեսություն չեն ներշնչում։ Հետևապես՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանի սխաների հետևանքով չբարեկամները ագրեսիա սանձազերծեն Հայաստանի դեմ, շրջափակեն, սովի մատնեն ժողովրդին, ի՞նչ են անելու ՔՊ-ականները։ Մասնավորապես՝ Սրբուհի Գալյանը սովածների հետ կիսելո՞ւ է իր մի կտոր հացը, թե՞ երբեք սոված չի մնալու։

Ենթադրյալ այսպիսի իրավիճակում սոված չմնալու 3 հայտնի տարբերակ կա։

Սովի ժամանակ սոված չմնալու ամենապարզ տարբերակն արտագաղթն է, փախուստը։ Օրինակ՝ 1932-33 թվերին Հոլոդոմորի ժամանակ մարդկանց թույլ չէին տալիս դուրս գալ Ուկրաինայից, բռնում, հետ էին ուղարկում ու մատնում սովի։ 1990-ականներին ՀՀ-ից շատերն արտագաղթեցին ապահով երկրներ, որտեղ շրջափակում ու սով չկար։

Երկրորդ տարբերակը թշնամու կողմն անցնելն է։ Պատմական օրինակներ կան, թե ինչպես են որոշ մարդիկ պատերազմի ու շրջափակման ժամանակ անցել թշնամու կողմն ու կուշտ ապրել։ Օրինակ՝ նացիստական բռնազավթման ժամանակ որոշ մարդիկ դառնում էին պոլիցայ, կուշտ ուտում և օգտվում արտոնություններից։

Երրորդ տարբերակն ամենացավալին է։ Սովի ենթարկված որոշ մարդիկ հոգեկան խանգարում են ստանում ու գրպանում, ներքնակի տակ հաց կամ պաքսիմատ պահում։ Նրանք բարձրաձայն տրտնջում են, թե սոված են, սակայն գրպանում պահած հացը գաղտնի ուտում են ու երբեք սոված չեն մնում։

Պարզ ասած՝ եթե Սրբուհի Գալյանը վստահ է, որ երբեք սոված չի լինելու, ապա ենթադրյալ սովի ժամանակ այս տարբերակներից մեկն իրեն է սպասում։ Իսկ եթե նա ունի կախարդական ափռոց, ապա Հայաստանը կարող է այն նվիրել մարդկությանը, մեծ ներդրում անելով աշխարհում սովի հաղթահարման գործում։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment