Ռուսական բիզնեսը սկսել է զգուշորեն մոտենալ Հայաստանի հետ աշխատանքին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր առմամբ լավ կապեր են պահպանում, սակայն երկրների միջև առևտուրը զգալիորեն նվազել է 2025 թվականին։
«Մենք այս տարի նկատել ենք Հայաստանի հետ տնտեսական առևտրի անկում, եթե խոսքը Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի մասին է։ Անցյալ տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև առևտուրը կազմել է 12,4 մլրդ դոլար։ Այս տարի այն, հավանաբար, կկազմի մոտ 6 մլրդ դոլար։ Սա շատ զգալի անկում է», – ընդգծել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։ «Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Մենք կարծում ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը անհամատեղելի է։ Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել», – ասել է նա։
