«Համարյա չենք պայքարում. անզոր ենք», «Օդափոխման սարքերը թանկ են», «փոշի է». հարցում

Վերջին շաբաթներին Երևանի օդի աղտոտվածության խնդիրը կրկին լայնորեն քննարկվող թեմա է դարձել՝ բնապահպանական և առողջապահական հետևանքների պատճառով։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ փոշու մանր աղտոտիչների բարձր քանակը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների առաջացմանն ու սրմանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարձր աղտոտվածության մակարդակը հիմնականում կապում է սեզոնային երևույթների, քաղաքի դիրքի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհների հետ՝ միաժամանակ չբացառելով շինարարական ակտիվության ազդեցությունը։

Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը լրջանում է նաև քաղաքացիների վարքագծի պատճառով. բակերում չոր տերևների և աղբի այրումը լրացուցիչ օդային աղտոտում է առաջացնում։

Մյուս կողմից՝ թեև քաղաքապետը վստահեցնում է, որ վերջին երեք տարիներին քաղաքում կանաչ տարածքները մեծացել են 44 հեկտարով՝ գերազանցելով նախորդ երկու տասնամյակների ցուցանիշները, բնապահպանները հակադարձում են, որ իրականում նկատելի է ծառահատումների աճը։ Նրանք հիշեցնում են, որ մայթեզրերի մեծածավալ ծառերը, որոնք կարևոր դեր էին խաղում փոշու կլանման գործում, հաճախ փոխարինվել են դեկորատիվ տնկարկներով, որոնք նույն արդյունավետությունը չունեն։

Armenia Today-ը Երևանում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են օդի աղտոտվածության դեմ պայքարում, արդյոք օգտագործո՞ւմ են օդափոխության սարքեր տանը, աշխատավայրում:

Հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ սարքեր չեն օգտագործում, իսկ տունն օդափոխելու համար ուղղակի պատուհաններն են բացում:

«Դե դրսի օդը մենք հո չենք կարող, հսկայական աշխատանք է», – ասել է քաղաքացիներից մեկը:

Մի այլ քաղաքացի նշել է, որ տանը ծաղիկներ ունի, դրանով է պայքարում:

Հարցման մեկ այլ մասնակից էլ հավելել է, որ «համարյա չեն պայքարում»: «Անզոր ենք», – ասել է նա:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհել է, որ ամբողջ օրը մաքրություն են անում, քանի որ տանը մշտապես փոշի է կուտակվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment