Նախարար․ ՀՀ–ն, ստանձնելով CoP17-ի նախագահությունը, առաջնորդվելու է ներառականության սկզբունքրով

Նախարար․ ՀՀ–ն, ստանձնելով CoP17-ի նախագահությունը, առաջնորդվելու է ներառականության սկզբունքրով

11 դեկտեմբերի 2025 – 17:25 AMT

PanARMENIAN.Net – Որպես CoP17 համաժողովն հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հրավիրված էր UNEA-7-ի շրջանակում կազմակերպված Աֆրիկյան երկրների բնապահպանության նախարարների աշխատանքային նախաճաշ-հանդիպմանը՝ ներկայացնելու համաժողովի նախապատրաստական աշխատանքները և առաջնահերթությունները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Նա իր ելույթում ներկայացրել է արդեն իսկ իրականացված ենթակառուցվածքային և կազմակերպչական աշխատանքները։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, ստանձնելով #CoP17-ի նախագահությունը, առաջնորդվելու է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և հստակ գործողությունների սկզբունքներով։

Ներկայացրել է այն չորս հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ձևավորվում է համաժողովի օրակարգը՝ գլոբալ գնահատման արդյունավետ կազմակերպում, ֆինանսական հոսքերի համադրման կարողությունների զարգացում, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածություն, կրթության, իրազեկման և բազմաշերտ համագործակցության խթանում։

Ամփոփելով՝ նա նշել է, որ Հայաստանը վճռական է CoP17-ը դարձնելու իրական գործողությունների հարթակ և պատրաստ է ընդունել բոլոր կողմերին ջերմ ու հոգատար միջավայրում՝ ստեղծելով կամուրջներ երկրների, էկոհամակարգերի ու սերունդների միջև։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին։

Leave a Comment