Ավանեսյան. Ապահովագրության մեջ ընդգրկվելու համար աշխատավարձը պետք է գերազանցի 200,000 դրամը

Ավանեսյան. Ապահովագրության մեջ ընդգրկվելու համար աշխատավարձը պետք է գերազանցի 200,000 դրամը

11 դեկտեմբերի 2025 – 16:29 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ ապահովագրության ծրագրում ընդգրկվելու համար անձի աշխատավարձը պետք է գերազանցի 200,000 դրամը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք համակարգի շահառո՞ւ են այն անձինք, որոնք մի քանի տեղ են աշխատում, և նրանց աշխատավարձի հանրագումարն է կազմում 200 հազար դրամ և ավելի՝ նախարարն ասել է, որ մտածում էին ունենալ նման հնարավորություն, սակայան 2026–ին դա չեն կարողանա իրականացնել, հայտնում է Auroranews.am-ը։

«Ըստ էության, ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել, և պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 հազար դրամից ավելի լինի, որպեսզի նա 2026 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ: Բայց 2027 թվականից, ըստ էության, բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն»,- տեղեկացրել է նախարարը:

Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում:

Այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի առողջապահական բոլոր կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական արդյունքների ապահովմանը:

Leave a Comment