Կառավարությունն ԱԳՆ-ին միջազգային անդամավճարները մարելու համար շուրջ 240 մլն կհատկացնի

Կառավարությունը դեկտեմբերի 11-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է ՀՀ ԱԳ նախարարությանը հատկացնել շուրջ 240 մլն դրամ՝ միջազգային կազմակերպություններին անդամավճարների վճարումները ժամանակին ապահովելու համար։

Ըստ կառավարության ներկայացրած հաշվարկների՝ 2025 թվականին Հայաստանի պարտավորությունները մի շարք կառույցներում (ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ կազմակերպություններ) փաստացի ստացված հաշիվ-ապրանքագրերով էականորեն գերազանցել են պետական բյուջեում նախատեսված գումարները։ Ամենամեծ շեղումն արձանագրվել է ԵԱՏՄ-ում․ Հայաստանի իրական մասնաբաժինը կազմել է 169 382 մլն ռուբլի, մինչդեռ բյուջեով նախատեսվել էր 139 588 մլն ռուբլի։ Նմանատիպ տարբերություն գրանցվել է նաև ԱՊՀ բյուջեում։

Ընդհանուր լրացուցիչ պահանջը՝ ԵԱՏՄ և ԱՊՀ բյուջեների մասով, կազմել է մոտ 137,9 մլն դրամ, իսկ փոխարժեքների փոփոխությունների պատճառով առաջացած շեղումը՝ լրացուցիչ 102,8 մլն դրամ։ Արդյունքում՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ վճարման ենթակա պարտավորությունը կազմել է 346 մլն դրամ, մինչդեռ ԱԳ նախարարության բյուջեում առկա էր միայն 101 մլն դրամ ազատ մնացորդ։

Այս պատճառով կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից փոխհատուցել ֆինանսական պակասը՝ ապահովելով Հայաստանի միջազգային կառույցներում անդամակցության վճարների ամբողջական կատարումը։ Նշվում է, որ նախագծի ընդունումը չի փոխում պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը, քանի որ միջոցները վերաբաշխվում են պահուստային ֆոնդից։

Leave a Comment