2027-ից սկսած՝ ԱԺ-ին ներկայացվելու առաջարկ է ներկայացվելու առողջապահության ապահովագրության՝ հաջորդ տարվա դրույքաչափի վերաբերյալ․ Ավանեսյան

Օրենքի նախագծում ավելացվել է մի դրույթ, որով սահմանվում է, որ ամեն տարի՝ սկսած 2027 թվականից, ԱԺ-ին ներկայացվելու են առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները, և առաջարկ է ներկայացվելու հաջորդ տարվա դրույքաչափի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եվ սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետև սա էլ բյուջետավորման ցիկլի մի մաս է դառնալու։ Արդյոք կփոխվեն սուբսիդավորման չափերը և այն խմբերը, ում տրամադրվելու է սուբսիդավորումը 27 թվականին, այս պահին չեմ կարող ասել, որովհետև դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի», – ասաց նա՝ ի պատասխան այն հարցի՝ հնարավոր է արդյոք, որ ապահովագրության դրույքաչափը հաջորդ տարիներին ավելանա։

Նախարարը նշեց, որ անհատ ձեռնակատերերը, նոտարները, ներառվելու են համակարգի մեջ, ուղղակի նրանց համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու։

«Իսկ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում և աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, այո՛, ևս պիտի հանդիսանան ապահովագրավճար վճարող, որովհետև նրանք էլ հնարավոր է օգտվեն մեր երկրում առողջապահական ծառայություններից. նրանց վճարները չեն սուբսիդավորվելու», – ասաց նա։

Ինչ վերաբերում է մի քանի տեղ աշխատող անձանց, ապա ըստ նախարարի, նրանց շեմը կհաշվարկվի յուրաքանչյուր աշխատավարձի մասով, այլ ոչ գումարային։

«Մենք նախնական նախագծում մտածում էինք ունենալ նման հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ, բայց ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել, և պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավել լինի, որպեսզի նա 26 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ: Բայց 27 թվականից արդեն ըստ էության բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն. սա միայն 26 թվականի համար է», – ասաց նա։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Պետական առողջապահության գործակալությունը կշարունակի աշխատել, քանի դեռ չի ստեղծվել Պետական ապավովագրության հիմնադրամը։

 «Մենք շատ սահուն անցում կկատարենք Պետական առողջապահական գործակալությունից դեպի հիմնադրամ, աշխատակիցները սահմանված կարգով նախօրոք կծանուցվեն և կմասնակցեն հիմնադրամում մրցույթներին, և վստահ եմ որ նրանցից մեծամասնությունը, բավարար գիտելիքներ և փորձառության ունենալով, կանցնեն հիմնադրամ աշխատանքի», – ասաց նա։

Դիտարկմանը, թե փաստացի օտարերկրացիների համար Հայաստանը առողջապահական հարկ է սահմանում, և ինչու պիտի վճարեն այն անձինք, ովքեր ընդամենը մի քանի ամիս են մնալու մեր երկրում, նախարարը առարկեց, որ «սա հարկի նոր ձև չէ, սա ապահովագրավճար է»։

«Սա պարտադիր ապահովագրավճար է, և դրա դիմաց մարդը ստանում է կոնկրետ ծառայություններ։ Այո՛, մարդը կարող է Հայաստանում ապրել երեք-չորս ամիս, բայց այդ երեք-չորս ամսվա ընթացքում էլ կարող է ունենալ շատ բարդ, ծանր վիրահատություն, որը արժե երեք-չորս միլիոն դրամ։ Նորից ուզում եմ շեշտադրել, որ առողջապահական ապահովագրության պարագայում անձը, որ պահին սկսում է վճարել, այդ պահից էլ արդեն ծառայություններից օգտվում է», – ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա բերեց Վրաստանի օրինակը, որն օտարերկյա քաղաքացիների համար պարտադիր է դարձրել առողջության ապահովագրությունը։

«Այսինքն անգամ արդեն այդ փուլին են երկրները անցնում, որովհետև հախուռն, առանց ապահովագրության շատ բարդ է սպասարկել որևէ խումբ բնակչության, դա կլինեն օտարերկրացիներ, թե նաև քաղաքացիներ», – ասաց նախարարը։

Leave a Comment