Կրթությանը աջակցող բիզնեսների հարկային արտոնությունը 10-ապատկվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է բիզնեսի կողմից ուսումնական հաստատություններին կատարվող նվիրատվություններին։ Ըստ նոր կարգավորման՝ պետական բուհերին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվություն կատարելիս ընկերությունները կկարողանան շահութահարկի հարկման բազայից նվազեցնել տարեկան համախառն եկամտի մինչև 2.5%-ը։ Նախկինում գործող կարգավորմամբ այդ շեմը կազմում էր ընդամենը 0.25%, ինչը նշանակում է, որ հնարավորությունն ընդլայնվել է 10 անգամ։

Օրենսդրական այս փոփոխությունը տարածվում է ոչ միայն դրամական նվիրատվությունների, այլև գույքի, տեխնիկայի, ուսումնական և լաբորատոր սարքավորումների տրամադրման վրա։ Հարկային նվազեցումները կիրառելի են նաև կրթաթոշակների տրամադրման, մատուցված ծառայությունների և համատեղ միջոցառումների իրականացման դեպքում։ Սա հնարավորություն է տալիս գործարարներին ավելի ճկուն լինել աջակցության ձևաչափի ընտրության հարցում՝ միաժամանակ օգտվելով հարկային բեռի թեթևացման մեխանիզմից։

Նախաձեռնության հիմնական նպատակը կրթության և գիտության ոլորտներում մասնավոր հատվածի ներդրումների խթանումն է և կրթություն-բիզնես կապի ամրապնդումը։ Ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի բուհերի գույքային բազայի համալրմանը, լսարանների վերանորոգմանը և թվային ծրագրերի հասանելիությանը։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ-ի և ՎԶԵԲ-ի ներդրումային խորհրդի կողմից՝ հիմնվելով ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի քննարկումների վրա։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Leave a Comment