Կառավարությունը փոխում է էներգետիկ ոլորտում նախապատվության իրավունքի կիրառման կարգը

Կառավարությունը դեկտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել նախագծին, որով առաջարկվում է փոխել էներգետիկ ոլորտում նախապատվության իրավունքի կիրառման կարգը:

Նշենք, որ «նախապատվության իրավունքը» ենթադրում է պետության՝ առաջինն ընտրության իրավունք ունենալու հնարավորություն։ Այսինքն, երբ ընկերությունը ուզում է ինչ-որ բան վաճառել, պետությունն առաջինը կարող է ասել՝ «վերցնում եմ» կամ «չեմ ուզում, վաճառեք ուրիշին»։ Կարճ ասաց՝ «նախապատվության իրավունքի» դեպքում պետությունը միշտ ունի առաջին խոսքի իրավունք։

«Գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու պարագայում կայացնում է որոշում՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին, մինչդեռ նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում նույնպես անհրաժեշտ է համապատասխան իրավական հիմք»,- ասված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծում։

Նշվում է, որ նախատեսվում է գրավոր ծանութման որոշումը կիրառել նաև նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում։

Փոփոխությամբ առաջարկել են ուժը կորցրած ճանաչել կետը, որով նախատեսվում էր նախապատվության իրավունք իրացնելու վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնել հանրային քննարկման, «քանի որ, ըստ նախագծի, ՀՀ կառավարության նշված որոշումները լինելու են անհատական բնույթի և վերաբերելու են կոնկրետ սուբյեկտների»:

Նախապատվության իրավունքի մասին վերջերս հիշատակվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ գործընթացների համատեքստում, ինչի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին կառավարությունը դիտողություններ ու առաջարկություններ էր ներկայացրել։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա  քայլերից։ ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։

Կարդացեք նաև՝ 

Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին

«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ

Միջազգային ոչ մի ներդրող չի համաձայնի ՀԷՑ-ի ակտիվը վերցնել. Ղազինյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

«Օգտագործելու են ընտրություններում իրենց օգտին». Կարապետյանը նշել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու իշխանության դրդապատճառը

«ՀԷՑ-ը խլելու հիմնավորումներ»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ու Պետրոսյանի քննարկման մասին

Leave a Comment