Քանդման ենթակա են Սասուն Միքայելյանի, Ռուբեն Հայրապետյանի և Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող գույքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քանդման ենթակա են Սասուն Միքայելյանի, Ռուբեն Հայրապետյանի և Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող գույքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Ռուբեն Հայրապետյանի («Հարսնաքար» համալիր), Սասուն Միքայելյանի և Նորայր Փանոսյանի կողմից Սևանի ափին կառուցված անշարժ գույքերն առաջարկվում է քանդել։

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է՝ առաջարկում են ՀՀ սեփականություն հանդիսացող 13 միլիոն 404 հազար դրամ արժեքով 1.5 հեկտար մակերեսով հողամասը ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը և անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին։

«Նշված անշարժ գույքը ՀՀ-ին է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտով։ Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը»,-նշել է Խուդաթյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց՝ դատախազության կողմից գրություն է հասցեագրվել «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, վերոնշյալ տարածքում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու, քանդելու ուղղությամբ։

«Այո, կան գույքեր, որոնք քանդման ենթակա են, որովհետև և՛ էսթետիկ տեսքի առումով, և՛ իրենց ֆունկցիոնալության տեսանկյունից, այո՛, միանշանակ պետք է քանդվեն, բայց մյուս կողմից նշած գույքերը առանձնատներ են, հանգստյան տներ են և բավական մեծ ներդրումներ են։ Այս առումով, ես կարծում եմ, մի փոքր ավելի ընդլայնված քննարկում պետք է իրականացվի, կխնդրեմ նաև մեզ էլ ներգրավել։ Այստեղ իրավական դուալիզմ ունենք. մի կողմից ինքնակամ կառույց է, եթե որպես գլխավոր դատախազ իմ կարծիքը հարցնեք, ես կարծում եմ՝ դրանք պետք է հողին հավասարեցվեն, քանդվեն և դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող և չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ, բայց ես նաև հասկանում եմ, որ գույքերը կարող են ունենալ նաև տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել»,-նշել է նա։

Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար:

Միջնորդագրի արդյունքում այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են ամբողջությամբ, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել են 23 քանդման որոշումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment