2026-ի առաջին ամիսներին Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը հերթեր չեն լինի։ Այս մասին դեկտեմբերի 10-ին Գերմանիայում հայ լրագրողներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ շատ կարևոր նորություն իմացանք Բեռլինում, երբ Գերմանիայում ՀՀ դեսպանն ասաց, որ հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանը հերթեր չեն լինի։ Մենք բավականին երկար ժամանակ աշխատում ենք ԵՄ մեր գործընկերների հետ՝ ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում։ Որովհետև ասում են, թե լուրերով նայում են ու լսում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, բայց միայն վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար ստիպված են 10 ամիս սպասել»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս շղթան կշարունակվի նաև մյուս դեսպանատների դեպքում։