Գումարի դիմաց զինծառայությունից ազատման իրավունքը կընդլայնվի – Armenia Today

Կառավարությունը դեկտեմբերի 10-ին հավանություն է տվել նախագծին, որով ՀՀ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու օրենքի ընդունումից հետո նույնպես կարող են օգտվել օրենսդրական հնարավորությունից։

Սա նշանակում է, որ օրենքի տրամադրած հնարավորություններից կկարողանան օգտվել ոչ միայն այն քաղաքացիները, ում 27 տարին արդեն լրացել էր օրենքի ընդունման պահին, այլ նաև նրանք, ովքեր այդ տարիքին հասել են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Այդ օրենքի հնարավորություններից կկարողանան օգտվել նաև այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է 2024-ի փետրվարի 12-ից հետո (օրենքն ընդունվել էր 2024-ի հունվարին և տարածվում էր միայն մինչ այդ 27 տարին լրացածների վրա-խմբ․)։

Նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը բանակից գումարի դիմաց ազատվելու օրենքի հեղինակն է։ Նախագծի հեղինակի գնահատմամբ՝ այս խմբին օրենքից դուրս դիտարկելու հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ չեն վերադառնում Հայաստան՝ սպասելով մինչև 37 տարին լրանալը, որպեսզի քրեական գործերը դադարեցվեն վաղեմության հիմքով։ Նա նշել է, որ իրավական մոտեցումը պետք է հավասարաբար տարածվի նույն կարգավիճակում գտնվող, բայց օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացածների համար։

Սարգսյանի տվյալներով՝ 2024-ի փետրվարի 12-ից մինչև 2025-ի օգոստոսի 1-ն օրենքից օգտվել է 197 քաղաքացի, որոնց ծառայության կամ վճարումների շնորհիվ պետբյուջե է մուտքագրվել 1 միլիարդ 904 մլն դրամ։

2023թ․ հոկտեմբերից շրջանառության մեջ է դրվել 27 տարին լրացած, բայց զինծառայության չանցածներին պատասխանատվությունից ազատելու նախագիծը, որի համաձայն 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ։ 6 ամիս ժամկետով ծառայելու ցանկության դեպքում կարող են վճարել 5 մլն դրամ, 1 ամիս ժամկետով՝ 10 մլն դրամ։ Նախագծով կարող են վճարել 15 մլն դրամ վճարել ու ընդհանրապես չծառայել։

2024-ի հունվարիին ԱԺ-ն ընդունել էր գումարի դիմաց 27 տարին լրացածներին ծառայությունից և պատժից ազատելու նախագիծը։ Օրենքով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում անցնել պարտադիր զինծառայության։ Նրանց հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով՝ վճարելով 2,5 մլն դրամ։ 6 ամիս ժամկետով ծառայելու ցանկության դեպքում կարող են վճարել 5 մլն դրամ, 1 ամիս ժամկետով՝ 10 մլն դրամ, կարող են վճարել 15 մլն դրամ վճարել ու ընդհանրապես չծառայել։

Կարդացեք նաև՝ 

«Էլի խեղճ ու կրակ ժողովուրդը կտուժի»․ «ՀՀ եկողն առանց այս նախագծի էլ կգա»․ քաղաքացիները՝ գումարի դիմաց բանակում չծառայելու մասին

Leave a Comment