Վարչապետ․ ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է

Վարչապետ․ ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է

11 դեկտեմբերի 2025 – 10:48 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում՝ հայ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե երբ է ի վերջո, Հայաստանը դուրս գալու ԵԱՏՄ–ից, ասել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ։

«Մյուս կողմից ԵՄ անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի, այսօր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել, հասել ենք այդ կետին և պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարչապետը ներկայացրել է, թե ինչու է Հայաստանը օրենք ընդունել՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու համար։

«Դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք, լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։ …Այդ ճանապարհին առաջին խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ կլինենք այդ կետում, մենք կդիմենք ԵՄ–ին անդամագրվելու հարցով։ Այդ ժամանակ երկու տարբերակ կա. մեզ կամ կընդունեն, կամ չեն ընդունի ԵՄ։ Ընդ որում, կարող է լինել այնպես, որ ԵՄ–ն չի ուզում այլևս ընդլայնվել։

Մեր պլանի էությունն այն է, որ երբ այդ կետին հասնենք, անկախ նրանից՝ մեզ կընդունեմ Եմ, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։ Որովհետեւ եթե այդ պայմաններում մենք դառնանք ԵՄ անդամ, շատ լավ, եթե չենք դառնա, էլի շահած դուրս կգանք, որովհետեւ կունենանք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն»,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ Համբուրգից մեկնում է Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 11-ին նախատեսվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Leave a Comment