Վերաքննիչ Վարչական դատարանը մերժել է կառավարության բողոքը` վերահաստատելով 2020թ հայտարարված ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման սահմանադրական ազատությունների սահմանափակման ոչ իրավաչափությունը, հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Նա հիշեցրել է, որ դեռևս 2020թ․ իր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա ռազմական դրության վերաբերելի սահմանափակումները կասեցվել էին, իսկ 2022թ-ի մայիսին Վարչական դատարանը ռազմական դրության վկայակոչված սահմանափակումները ոչ իրավաչափ էր ճանաչել։
Փաստաբանը մանրամասնել է, որ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո ռազմական դրության ժամանակ տվյալ ոչ իրավաչափ սահմանափակումների խախտման հիմքով տուգանված բոլոր քաղաքացիները, ինչպես նաև տվյալ սահմանափակումների համար քրեական հետապնդման ենթարկված անձինք կունենան այդ տուգանքները վերանայելու և ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով կրած վնասների փոխհատուցման հնարավորություն։
