Թրամփը Politico-ին նշել է, որ Զելենսկին պիտի նոր ընտրություններ անցկացնի, և խոսել է Եվրոպայի ապագայի մասին (տեսանյութ)





Երեկ ԱՄՆ-ի նախագահը հարցազրույց է տվել Politico-ին, որտեղ մանրամասն ներկայացրել է, թե ինչու չի հաջողվում կնքել խաղաղությունը Ուկրաինայում:

Ըստ նրա, Զելենսկին պիտի համաձայնվի գնալ զիջումների, քանի որ հաղթաթուղթ չունի և բանակցությունների ձգձգումը է՛լ ավելի կվատթարացնի իր վիճակը:

Ըստ Թրամփի, եթե այս կոնֆլիկտը չլուծվի, ապա Երրորդ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել: Ըստ նրա, եթե ինքը չընտրվեր անցյալ տարի, ապա Բայդենի պարագայում, մեծ հավանականությամբ այսօր աշխարհը կարող էր կամգնել այդ պատերազմի առաջ:

Ըստ Թրամփի՝ իր առաջարկի հետ համաձայն է Պուտնիը, նույնիսկ Զելենսկու շատ թիմակիցները, սակայն Զելենսկուն խանգարում են ճիշտ կողմնորոշվել եվրոպական լիդերները:

ԱՄՆ նախագահը նշում է, թե ժամանակն է, որ Զելենսկին նոր ընտրություններ նշանակի իր երկրում:

«…Կարծում եմ՝ ժամանակն է ընտրություններ անցկացնել։ Զելենսկու իշխանությունը  զինված հակամարտությունն օգտագործում է,  որպես պատրվակ՝ դրանք չանցկացնելու համար, բայց ես կարծում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը պետք է ձայն ունենա։ Եվ գուցե Զելենսկին հաղթի։ Ես չգիտեմ, թե ով կլինի նոր առաջնորդը։ Բայց նրանք վաղուց ընտրություններ չեն անցկացրել։ Չնայած նրանք խոսում են ժողովրդավարության մասին, որոշ պահի այն դադարում է ժողովրդավարություն լինելուց…»,- եզրափակեց իր միտքը Թրամփը՝ խոսելով Ուկրաինայի նոր լիդեր ունենալու մասին։

Թրամփի այս հարցազրույցից հետո, մի շարք եվրոպական լիդերներ նրան սկսեցին անվանել  հակառակորդ: Ճիշտ է, դա հրապարակավ չի հայտարարվում , սակայն եվրոպական գրեթե բոլոր դիտորդները կարծում են, որ Եվրոպայում սկսվում է խուճապ:

Իսկ ԵՄ արտաքին գործերի նախկին հանձնակատար Ջոզեֆ Բորելը Թրամփին անվանել է դավաճան և թշնամի:

Ըստ ֆրանսիական Le Figaro-ի՝ Թրամփը հրապարակավ  հրաժարվում է աջակցել Եվրոպային, և դա արմատական քաղաքական ուղու փոփոխություն է՝ սկսած 1945 թվականից, երբ ԱՄՆ-ն ստանձնեց Եվրոպայի անվտանգության երաշխավորի դերը:

Ըստ պարբերականի՝ Թրամփը առաջին անգամ հայտարարում է, որ ԱՄՆ-ն այլևս չի ուզում կատարել այդ դերը:

Իսկ բրիտանական Financial Times-ի կարծիքով, Թրամփը վերջնագիր է ներկայացնում, ոչ միայն Զելենսկուն, այլև՝ ԵՄ ողջ վերնախավին:

Ըստ բրիտանական պարբերականի՝ ԵՄ չափից դուրս շատ աջակցելով Զելենսկուն, փաստացի ինքն իրեն ծուղակի մեջ մտցրեց՝ կործանման առաջ կանգնեցնելով, ոչ միայն Ուկրաինային, այլև ԵՄ-ի ապագան:

Այսպիսով, արդեն գրեթե բոլոր համար է հայտնի դառնում, որ ուկրաինական ճգնաժամը, դա լոկ ուկրաինական խնդիր չէ: Պարզապես այս հարթակում կատաղի պայքար է ընթանում, թե մոտակա ժամանակահատվածում ինչ վերնախավ պիտի ձևավորվի ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am
Տեսանյութը՝ Politico-ի յութուբյան էջից: Ուշադրություն, այն անգլերեն է: 
Ռուսերեն իմացողները կարող են հարցազրույցի թարգմանված տարբերակը դիտել այս հղումով՝ 
https://ya.ru/video/preview/1632269340072474927



Leave a Comment