Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները դժգոհել են Եպիսկոպոսաց ժողովի հետաձգումից՝ կոչ անելով չթիրախավորել իրենց

Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները դժգոհել են Եպիսկոպոսաց ժողովի հետաձգումից՝ կոչ անելով չթիրախավորել իրենց

10 դեկտեմբերի 2025 – 14:20 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ` «ցավով արձանագրելով, որ առաջիկայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ հետաձգվել է առանց հիմնավոր պատճառաբանության»։ Հայտարարությունը հրապարակվել է նրանց կայքում։

Նրանք նաև կոչ են արել զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել իրենց։

«Ժողովը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոնններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը։

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին:

Մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։

Հայցում ենք Ամենակալ Տիրոջ անսահման ողորմությունը և զորակցությունը հայրենի մեր երկրին, Սուրբ Էջմիածնին և մեր բարեպաշտ ժողովրդին»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։

Leave a Comment