10 դեկտեմբերի 2025 – 13:57 AMT
PanARMENIAN.Net – Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Արցախի ներկայացուցիչների գրասենյակում կազմակերպված լսումների ընթացքում ասել է, որ Հայաստանի կառավարության կողմից սոցիալական աջակցության ծավալների ու շահառուների թվի կրճատումը հանգեցրել է արցախցիների սոցիալական վիճակի վատթարացման։
Նա նշել է, որ առկա խնդիրներից ամենահրատապը շարունակում է մնալ բնակարանի և կացության հարցը։ Նա փաստել է, որ տեղահանված 25 հազար ընտանիքից այդ ծրագրի միջոցով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը 1500-ը, չնայած որոշակի փոփոխություններից հետո ծրագրին դիմելիության ցուցանիշը բարձրացրել է, հայտնում է Panorama.am-ը։
«Գոյություն ունի բնակարանով ապահովման պետական աջակցության ծրագիր, որը ցավոք սրտի, այսօրվա դրույթներով ու ձևով չի համապատասխանում տեղահանվածների բնակարանային կարիքներին»,-ասաց Ստեփանյանը։
«Նոյեմբերի 20-ի դրությամբ հավասատագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից 1500-ն է կարողացել իրացնել այն, ըստ էության բնակարանի տեր դառնալ, կեցության հարցը լուծել։ Այս թվերը ցույց են տալիս, որ մարդիկ հավաստագիր ստանալուց հետո էլ չեն կարողանում բնակարան ձեռք բերել ու կեցության հարց լուծել»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը՝ նշելով, որ այն համայնքներում որտեղ հավաստագրի արժեքը մեծացել է, թանկացել է նաև անշարժ գույքը։
Նրա համոզմամբ, նման ծրագրով կեցության խնդրի հարցը լուծելը դժվար կլինի, պետք է իրականացնել կառուցապատման ծրագիր։
«Ցավոք, պետք է նաև նշել, որ առաջարկվող ծրագրերը չեն աջակցում արցախցիների հավաքական, կոմպակտ բնակեցմանը, այս ուղղությամբ մեր պնդումներին, առաջարկներին պատասխան է հնչում, թե իրենք շահագրգիռ չեն արցախցիների գետոյացման հարցում, ինչը կարծում եմ, հիմնազուրկ պնդում է»,-ասել է Ստեփանյանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։