10 դեկտեմբերի 2025 – 12:38 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Բաքուն մինչև վերև պրեսինգի է ենթարկելու ՀՀ–ին` ստանալու այն, ինչը դեռ իրականություն չի դարձել։
«ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են:
Մի քանի օր առաջ էլ Ալիևի օգնականը ՀՀ պաշտոնյայի ներկայությամբ խոսում էր «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Ադրբեջան երկխոսության արդյունքում Ադրբեջանի լիդերության աճի և տարածաշրջանում գործոն դառնալու մասին:
Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար, ինքը վերածվել է տարածաշրջանային գործոնի, իսկ Հայաստանին զրկել ինքնուրույն գործելու հնարավորությունից:
Եվ ի՞նչ է անելու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում, այո´, մինչև վերև պրեսսինգի ենթարկելու Հայաստանին` ստանալու այն, ինչը դեռ իրականություն չի դարձել»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Բաքուն ակնկալում է, որ փաստաթղթից կհանեն իրեն դուր չեկած ձևակերպումները։