OpenAI-ը և Perplexity-ն տոնական սեզոնին ընդառաջ ներկայացնում են գնումների ԱԲ օգնականներ, որոնք առաջարկում են պրոդուկտների տարբերակներ, վիզուալ որոնում և նույնիսկ վճարում Shopify-ի ու PayPal-ի հետ համագործակցության միջոցով։
Երկու ընկերությունների մասշտաբն ու առկա օգտատերերի բազան մեծ առավելություն են տալիս, հատկապես որ այս սեզոնին սպասվում է ԱԲ-ով օժանդակվող գնումների կտրուկ աճ։
Սակայն նիշային ստարտափները համոզված են, որ մտահոգվելու կարիք չունեն։ Onton-ի հիմնադիր Զաք Հադսոնը և Daydream-ի հիմնադիր Ջուլի Բոռնշթայնը նշում են, որ ընդհանուր չատբոտերը չեն կարող մրցել ոլորտային հատուկ տվյալների, մարքեթինգային տրամաբանության կամ առանձին հավաքագրված պրոդուկտների կատալոգների հետ, հատկապես այնպիսի բարդ ոլորտներում, ինչպիսիք են՝ նորաձևությունը և ինտերիերի դիզայնը։
Այնուամենայնիվ, առանց մասնագիտացված տվյալների հավաքագրման կամ հատուկ մշակված վաճառքի գործընթացների, փոքր բիզնեսները ստվերում մնալու ռիսկի տակ են։ Միևնույն ժամանակ, խոշոր ԱԲ հարթակները կարող են ավելի շատ կենտրոնանալ էլեկտրոնային առևտրի մոնետիզացիայի վրա, ինչի արդյունքում հավանական է, որ կրկնվեն որոնողական նույն խնդիրները, որոնց օգտատերերն արդեն իսկ բախվում են ամեն օր։