10 դեկտեմբերի 2025 – 10:26 AMT
PanARMENIAN.Net – Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ անդամակցության ուղին դիտարկում է որպես ինստիտուցիոնալ ու ժողովրդավարական բարեփոխումներն ակտիվացնելու հնարավորություն։ Նա այդ մասին ասել է «Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկման ժամանակ։
Նա հավելել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը պարտավորեցնող ազդակ է և հիշեցրել է, որ Ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունել է օրենք, որով պաշտոնապես նախաձեռնել է Հայաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին, հայտնում է Արմենպրեսը։
«Շատերը հարցնում են, թե երբ է Հայաստանը դառնալու Եվրոպական միության անդամ և որքանով է իրատեսական այդ նպատակը։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը նախ և առաջ խթան է մեզ համար՝ հետևողականորեն իրականացնելու ժողովրդավարական բարեփոխումներ։ Մեր նպատակն է ինստիտուցիոնալ առումով և գործնականում համապատասխանել եվրոպական չափանիշներին, քանի որ առանց դրանց պահպանման անհնար է անդամակցել Եվրամիությանը»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ եթե Հայաստանը կարողանա օբյեկտիվորեն հասնել ԵՄ պահանջներին համապատասխան մակարդակի, ապա երկրի առջև երկու տարբերակ կբացվեն՝ անդամակցել Միությանը կամ չանդամակցել։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հստակ կողմ է ընտրել՝ նպատակ ունենալով դառնալ ԵՄ լիարժեք անդամ։ Սակայն նույնիսկ եթե այդ նպատակն առայժմ չիրականացվի, բարեփոխումների արդյունքում երկիրը կընդգրկվի նոր մակարդակում՝ դառնալով զարգացած ու եվրոպական չափանիշներին համահունչ պետություն։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Եվրոպական միության չափանիշներին ձգտելու գործընթացը բխում է Հայաստանի քաղաքական և ժողովրդավարական ընտրությունից, այլ ոչ աշխարհաքաղաքական շահերից։
«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ռազմավարական մակարդակով հավատարիմ է ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և անկախ դատական համակարգին»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանը և ԵՄ-ն հաստատել են Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը լրացնում է արդեն գործող համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Վարչապետի խոսքով՝ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ՝ դիտարկելով ԵՄ արդյունաբերական ոլորտում ինտեգրման հնարավորությունները, մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապի և հեռահաղորդակցության ճյուղերում։
Փաշինյանը կարևորել է նաև իր գերմանական այցի տնտեսական բաղադրիչը՝ նշելով, որ անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել կապերը Հայաստանի և Գերմանիայի գործարար ոլորտների միջև։
«Մեր կառավարությունը պետք է նպաստի մեր գործարար մարդկանց շարժունակությանը, և ուրախ եմ նշել, որ մենք հաջողությամբ սկսել ենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը ԵՄ-ի հետ»,- ասել է նա։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանը ստացել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը, որտեղ ամրագրված են կառավարության առաջնահերթ քայլերն ու պարտավորությունները։ Վարչապետի խոսքով՝ եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի, ապա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը կչեղարկվի՝ ապահովելով ավելի դինամիկ շփումներ Հայաստանի և ԵՄ-ի միջև։
Վարչապետն իր վստահությունն է հայտնել, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը հետագա շրջանում ևս կշարունակի խորանալ։
«Եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, որոնք տեղի կունենան Երևանում հաջորդ տարվա մայիսին, նոր հնարավորություն կընձեռեն՝ գնահատելու մեր հարաբերությունների առաջընթացը և նոր նպատակներ դնելու»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման վրա՝ ընդգծելով Գերմանիայի հատուկ դերը։
«Գերմանիան մեր համար կենտրոնական գործընկեր է, և ռազմավարական օրակարգի ընդունումը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի՝ ստեղծելով նոր պայմաններ ռազմավարական գործընկերության համար»,- եզրափակել է Փաշինյանը։
Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։