Բաքուն ՀՀ-ԵՄ գործընկերության նոր փաստաթուղթն անվանել է խաղաղության օրակարգին «հակասող»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրումը հակասում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին։

Մասնավորապես, նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթում «հայ տեղահանված անձանց» մասին հիշատակումն Ադրբեջանի նկատմամբ «կողմնակալ վերաբերմունքի» օրինակ է։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթում Միջազգային դատարանի բոլոր որոշումների նկատմամբ հայտարարված աջակցությունը «ուղղակիորեն հակասում է խաղաղության գործընթացին և լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի հայտարարած մտադրությունների վերաբերյալ»։

Նախարարությունն «անընդունելի» է անվանել օրակարգում Ադրբեջանում պահվող բոլոր «հայ բանտարկյալների և այլ կալանավորվածների» ազատ արձակման աջակցության մասին հիշատակումը։ Բաքուն նաև հայտարարել է, որ փաստաթղթում «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) նախագծի բացթողումը «հարցեր է առաջացնում Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու Հայաստանի մտադրությունների լրջության, ինչպես նաև այս նախագծին ԵՄ-ի կողմից հայտարարված աջակցության վերաբերյալ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը որպես «մտահոգության մեկ այլ աղբյուր» նշել է փաստաթղթում Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության գործառնական գործունեությունն ապահովելու մասին դրույթը։

Դեկտեմբերի 2-ին Երևանը և Բրյուսելը ընդունել էին ԵՄ-ՀՀ նոր համագործակցության ռազմավարություն, որը նշանավորում է հարաբերությունների անցման նոր մակարդակ: Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ նիստից հետո ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսոն, մասնավորապես, հայտարարել էր, որ ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելուն՝ իր դիմադրողականության ամրապնդման ծրագրերի շրջանակներում:

Leave a Comment